Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը նախագահ Համիդ Քարզային հաղթող է հայտարարել երկրի նախագահական ընտրություններում։ Այդ հայտարարությունը հետեւել է նախագահ Քարզայի մրցակից՝ նախկին արտգործնախարար Աբդուլահ Աբդուլահի ընտրարշավից դուրս գալու որոշմանը։
Ամիսներ տեւած քաղաքական անորոշությունից, բռնարարքներից եւ ընտրական լուրջ խարդախումներից հետո, Աֆղանստանի ժողովուրդն այժմ տեղյակ է, թե ով է լինելու երկրի նախագահը։
՛՛Մենք հայտարարում ենք, որ Համիդ Քարզայը, ով ըտրությունների առաջին փուլում շահել էր քվեների մեծամանությունը եւ երկրորդ փուլի միակ թեկնածուն էր, հաղթել է 2009 թվականի նախագահական ընտրություններում՝՝, ասել է ընտրական անկախ հանձնաժողովի փոխնախագահ Զաքարիա Բարակզաին։
Աֆղանստանի ընտրությունների առաջին փուլից հետո միջազգային դիտորդները լուրջ խախտումներ հայտնաբերեցին։ Պրն Քարզայի ձեռք բերած քվեները 50 տոկոսից ցածր լինելու պատճառով կրկնակի ընտրություններ կայացնելու որոշում ընդունվեց։
Սակայն ավելի ուշ Քարզայի մրցակիցը հայտարարեց, թե չի կարող ընդունել պրն. Քարզայի կողմից նշանակված ընտրական հանձնաժողովի ղեկավարությամբ կրկնակի ընտրությունների կայացումը։
Միացյալ Նահանգներն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երկուշաբթի օրը պաշտոնապես շնորհավորեցին պրն Քարզայի հաղթանակը։ Բան Կի Մունը Քաբուլ է այցելել Համիդ Քարզայի եւ Դոկտոր Աբդուլահի հետ առանձին առանձին հանդիպումներ ունենալու նպատակով։
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի հինգ անդամներ զոհվեցին Քաբուլի մի հյուրանոցում ինքնասպան ահաբեկչի գործած հարձակման հետեւանքով։ Թալիբանի ուժերը ստանձնել են այդ սպանությունների պատասխանատվությունը։
Պրն. Բան Կի Մունի համաձայն, միջազգային համայնքը շարունակում է հանձնառու մնալ Աֆղանստանում կայունության հաստատման ջանքերում։
՛՛Մենք հաստատուն ենք, եւ պետք է հաստատուն մնանք։ ՄԱԿ-ի աշխատանքը Աֆղանստանում կշարունակվի՝՝, ասել է Բան Կի Մունը։
Այսպիսով, պրն. Քարզայը կստանձնի Աֆղանստանի նախագահի երկրորդ եւ ըստ Աֆղանստանի սահմանադրության վերջին պաշտոնաշրջանը։