ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ներկայացնող ամերիկյան մի բարձր մակարդակի պատվիրակություն Հնդկաստանի Դարամաշալա քաղաքում, հանդիպում է ունեցել Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լամայի հետ, որը եկող ամիս պատրաստվում է այց կատարել Միացյալ Նահանգներ։
Ամերիկյան պատվիրակության ղեկավարն է Վալերի Ջարեթը, որը հասարակական եւ միջկառավարական հարցերով նախագահ Օբամայի խորհրդականն է։
Անցյալ տարի Տիբեթի դեմ Չինաստանի իշխանությունների կողմից իրականացված բռնի գործողություններին հաջորդած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի եւ Դալայ Լամայի միջեւ անցկացված հանդիպումից հետո, սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի պատվիրակության հանդիպումն էր Տիբեթի վտարանդի կառավարության հետ։
Չինաստանը Դալայ Լամային համարում է անջատողական եւ չի խրախուսում նրա հետ արտասահմանյան որեւէ պատվիրակության կամ պաշտոնյայի հանդիպումը։