Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի ելույթը Կոնգրեսում


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի երեկոյան Կոնգրեսի առջեւ ունեցած ելույթում ամերիկյան օրենսդիրներին հորդորեց, որ քայլերի դիմեն՝ առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրի ուղղությամբ։

՛՛Վիճաբանությունների եւ քաղաքական խաղերի ժամանակը անցել է։ Այժմ մենք պետք է ի մի բերենք Կոնգրեսի երկու կուսակցությունների լավագույն առաջարկները, ամերիկյան ժողովրդին ապացուցելու համար, որ մենք դեռ մեր գործի տերն ենք՝՝, ասաց նախագահը։

Նա նշեց, որ առողջապահության ապահովագրության գների աճը կասեցնելու անկարողությունը ճգնաժամի կհանգեցնի եւ օրենսդիրները պետք է քաղաքականությունը մի կողմ դնեն եւ գործեն հոգուտ ընդհանուրի։

՛՛Բոլորը լավ գիտեն, թե ի՞նչ տեղի կունենա, եթե մենք չգործենք։ Մեր բյուջեի պակասորդը կաճի, հավելյալ թվով ընտանիքներ կսնանկանան եւ նորանոր բիզնեսներ կփակվեն՝՝, ասաց Օբաման։

Սակայն նախագահ Օբամայի քննադատները պնդում են, թե բարեփոխման ջանքերը հապճեպ են եւ կհանգեցնեն առողջապահական համակարգի պետականացմանը։ Օգոստոսի ընթացքում կազմակերպված համայնքային հավաքներում բարեփոխումներին ընդդիմացողները զայրույթով լի ելույթներ էին ունեցել։ Ի պատասխան այդ ելույթների Նախագահ Օբաման հայտարարեց, թե ընդդիմադիրներից ոմանք ստեր են տարածում։

՛՛Եթե դուք խեղաթյուրեք բարեփոխումների ծրագրի էությունը, ապա մենք դա չենք հանդուրժի։ Այս պահին ես չեմ ընդունի ներկա վիճակը պահպանելու եղանակով խնդիրը լուծելու առաջարկները՝՝, ասաց նախագահը։

Նա ասաց, թե ցանկանում է ի մի բերել քաղաքական բոլոր հատվածների տեսակետները, խոսեց մասնավոր ընկերություններից ապահովագրություն գնող ամերիկացի սպառողների իրավունքները պաշտպանելու եւ առողջապահությունը բոլորին մատչելի դարձնելու հանձնառությունը երաշխավորելու մասին։


՛՛Ես չեմ հրաժարվի մեր հիմնական սկզբունքից, ըստ որի, եթե ամերիկացիները չեն կարողանում մատչելի ապահովագրություն ձեռք բերել, ապա պետությունը պետք է այլընտրանք առաջարկի՝՝, ասաց նա։

Նախագահի ելույթից հետո կոնգրեսական Չառլզ Բուստանին, ներկայացրեց հանրապետական կուսակցության պաշտոնական պատասխանը։ Նա առաջարկեց, որ դեմոկրատները հրաժարվեն առողջապահության բարեփոխման ներկա ծրագրից եւ նորը նախագծեն։

՛՛Հստակ է, որ շատ ամերիկացիներ առողջապահության համակարգի բարեփոխմանը կողմնակից են, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց ընտրած պետական պաշտոնյաները ճիշտ որոշումներ ընդունեն՝՝, ասաց կոնգրեսական Բուստանին։

Մասնագիտությամբ բժիշկ կոնգրեսականն ասաց նաեւ, թե հանրապետականները համաձայն են բարեփոխման անհրաժեշտության հարցում։

Օբամայի ելույթի ընթացքում հանրապետական կոնգրեսական Ջո Վիլսոնի դժգոհության բացականչությունը հատկապես շեշտեց ամերիկյան օրենդիրների պառակտվածությունը՝ առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրի շուրջ։


XS
SM
MD
LG