Մատչելի հղումներ

Մեթյու Բրայզայի ասուլիսը Վաշինգտոնի մամուլի ակումբում


Թբիլիսիից Վաշինգտոն վերադառանալով՝ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան հրավիրեց մամուլի ասուլիս։ Կացությունը ներկայացնելիս՝ նա ասաց, թե առայժմ չկա որեւէ փաստ այն մասին, որն ապացուցեր, որ Ռուսաստանը կատարում է զորքերը Վրաստանից հետ քաշելու մասին նախագահ Մեդվեդեւի խոստումը։ Նա կրկնեց արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսի այն խոսքերը, որ ռուսական զորքերը պիտի հեռանան այնքան արագ, ինչպես ներխուժել էին Վրաստան։

Նրա խոսքերով, այսօր Վրաստանում կա 1ՕՕ հազար փախստական, այստեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, ենթարկվում սպանությունների, բռնաբարության ու տեղահանության։

՝՝Մեր նպատակը Ռուսաստանը մեկուսացնելը չէ եւ ուզում ենք, որ այն առաջ գնա միջազգային կառույցներին անդամագրվելու ուղով, սակայն հարկավոր է որ այն հարգի ժողովրդավարական եղանակով ընտրված Վրաստանի կառավարությունը՛՛, ասաց Բրայզան։

Նա կարծում է, որ այս բախումն իրականում սկսվեց այն օրից, երբ Ռուսաստանը հայտարարեց, թե հաստատում է ուղիղ կապ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, ՝՝իսկ այն փաստը, որ Հարավային Օսիայի ղեկավարության մեծ մասը Ռուսաստանի նշանակած անձինք են, եւ սադրանքներ հաճախ են իրականացվել այդ կողմից, ապացուցում է, որ ռազմական գործողություններն իրականում սկսվել են Հարավային Օսիայից՝ ռուսների կողմից՛՛։ Ինչ վերաբերում է Աբխազիային, ապա աբխազներն են հարձակումներ ձեռնարկել ընդդեմ Վրաստանի, այլ ոչ թե վրացիներն ընդդեմ Աբխազիայի։

Կոսովոն չէր կարող լինել այս ամենի նախադեպ, քանի որ Կոսովոյի անկախությունը ձեռք է բերվել այլ պայմաններում, երբ պարզ էր, որ այս երկրամասի ջարդի ենթարկված բնակչությունը չէր կարող մնալ Սերբիայի կազմում, գտնում է Բրայզան ու նշում, որ Կոսովոն չի կարող լինել նախադեպ նաեւ Լեռնային Ղարաբաղի համար։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ կկիրառվեն Ռուսաստանի նկատմամբ, եթե այն չհեռացնի իր ուժերը Վրաստանի տարածքից, Մեթյու Բրայզան ասաց, որ նախ պետք է մտածել այն մասին, որ Ռուսաստանը հարգի իր նախագահի տված խոստումը։

՝՝Իսկ այն, որ ռուսական զորքերն այլեւս խաղաղապահ չեն այստեղ, ապացուցել են իրենց գործողություններով, ասաց Մեթյու Բրայզան։

XS
SM
MD
LG