Մատչելի հղումներ

Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ


Ավարտվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Վաշինգտոն։ Այցի արդյունքների ու տպավորությունների մասին բոլոր հանդիպումներից հետո նա պատասխանեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցերին։

Արտգործնախարարի խոսքերով, այցը դրական էր, որի ընթացքում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխպետքարտուղար Դեյվիդ Քրեմըրի, կոնգրեսականների, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի ու ԱՄՆ-ի հայկական խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումները կենտրոնացել են հիմնականում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, ղարաբաղյան խնդրի կարգավորման, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շտկելու ու հայ-թուրքական հարաբերություններ սկսելու հարցերի վրա։

Այն հարցին, թե արդյոք Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի հետ հանդիպման ժամանակ վերջինս չի ներկայացրել նոր նախազգուշացումներ, պարոն Նալբանդյանը պատասխանեց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացրել փոխպետքարտուղար Քրեմըրի հետ եւ ինքը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացվում են իրադրությունը շտկելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի նախագահ Ալիեւի բարձրագոչ հայտարարություններին, այդ մասին, ասաց Հայաստանի արտգործնախարարը, խոսվել է հանդիպումներից յուրաքանչյուրի ժամանակ։

՝՝Պատերազմը խնդրի լուծում չէ ու բանակցությունները պիտի շարունակվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից 2ՕՕ7 թվականին Մադրիդում ներկայացված առաջարկների հիման վրա՛՛, գտնում է նա։

Հայ թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ նա ասաց, թե Հայաստանը պատրաստ է հաստատել դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ ու բացել սահմաններն առանց նախապայմանների, ինչը եղել է եւ այժմ էլ մնում է Հայաստանի դիրքորոշումը։

Նա հույս հայտնեց, որ Թուրքիայի նախագահը կընդունի ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու Հայաստանի իր պաշտոնակցի հրավերը, ինչը, նրա կարծիքով, հնարավորություն կբացի տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար

Այն հարցին, թե չի շեղվում արդյոք Հայաստանը Հայոց ցեղասպանության փաստը քննարկման առարկա չդարձնելու քաղաքականությունից, Էդուարդ Նալբանդյանն ասաց.

՝՝Չեմ կարծում, որ սա մեր դիրքերից հետընթաց շեղում է։ Մենք երկու հարեւաններ ենք ու պիտի ապրենք խաղաղությամբ ու միասին շրջենք պատմության դառը էջը։

Բայց մի բան շատ պարզ է, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ հիմա, ոչ էլ՝ ապագայում չի կարող ընդունել Հայոց ցեղասպանությունն ուրացող քաղաքականություն։

Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Վաշինգտոն ավարտվեց։ Նրա ղեկավարած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան։

XS
SM
MD
LG