Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր առաջին հանդիպումը ունեցավ ԱՄՆ-ի իր պաշտոնակից Քոնդոլիզա Ռայսի հետ, ստորագրելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համատեղ գործողությունների ծրագրի մասին պայմանագիր։

Ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Շան Մաքքորմաքն ասաց ավելի վաղ մամլո ասուլիսի ժամանակ. ՛՛սա շատ կարեւոր պայմանագիր է Հայաստանի ու ԱՄՆ-ի համար՝ միջուկային զենքերը չտարածելու ջանքերում՝՝։

Քաղաքական այս պայմանագիրն արտացոլում է նման նյութերի տարածման դեմ պայքարում Հայաստանի կարողությունները մեծացնելու շուրջ համագործակցելու մտադրությունը, ինչի իրականացման համար հարկավոր է ձեռնարկել 28 քայլ։ Այդ քայլերից յուրաքանչյուրում, որտեղ Հայաստանն ունի օգնության կարիք, ԱՄՆ-ը կփորձի տրամադրել իր կամ միջազգային համայնքի օժանդակությունը։

Այս հարցում սա ԱՄՆ-ի կնքած հինգերորդ համաձայնագիրն է։ Ավելի վաղ նման պայմանագրեր են ստորագրվել Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի ու Ղրղզստանի հետ եւ ԱՄՆ-ը ունի միջուկային անօրինական առեւտրի հնարավորություն ունեցող եւս մոտ 2Օ այլ երկրների հետ այն ստորագրելու մտադտություն։

Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում քաղաքական ու տնտեսական բարեփոխումները խորացնելուն եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն առնչվող հարցեր։

Հայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում երկու օրերի ընթացքում հանդիպումներ կունենա նաեւ ազգային անվտանգության հարցերով նախագահ բուշի խորհրդականի տեղակալ Ջիմ Ջեֆիի, Կոնգրեսի արտաքին հարաբերոիւթյունների հանձնաժողովի նախագահ Հաուըրդ Բերմանի, հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի եւ կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամներ Ֆրանկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի հետ։

XS
SM
MD
LG