Մատչելի հղումներ

Հայազգի գործիչը ապրիլի 8-ին հավանաբար ընտրվի ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ


ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայումս կա հայկական ծագում ունեցող մեկ կոնգրեսական՝ Աննա Էշյուն, որն իր ծագումով ներկայացնում է նաեւ ասորիներին։ Այսօր կա հայկական ծագումով կոնգրեսականի թիվը եւս մեկով ավելացնելու հնարավորություն։ Ներկայացուցիչների պալատի թափուր տեղի համար է պայքարում Ջեքի Կանչելյան Սպիըրը։

Կանչելյանը, որն առաջին անգամ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ է ընտրվել 1986 թվականից եւ 98-ին դարձել նահանգային սենատոր, այժմ պայքարում է Թոմ Լանթոսի մահից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում թափուր մնացած տեղի համար եւ ունի հաղթելու մեծ հնարավորություններ։ Ի դեպ, քաղցքեղով տառապող Լանթոսը, մինչեւ մահանալը իր տեղի համար երաշխավորել էր հենց Կանչելյան Սպիըրին։

՝՝Ափսոսում եմ ու ցավում, որ մարդու իրավունքների պաշտպանության գործում խաղացած իր դերի համար կենդանության օրոք Լանթոսը չարժանացավ այն համատարած երախտագիտությանը, ինչին արժանի էր՛՛, ասել է Կանչելյանը եւ խոստանում, ընտրվելու դեպքում, ըստ արժանվույն շարունակել Թոմ Լանթոսի գործը։

195Օ թվականին Սան Ֆրանցիսկոյում ծնված Կանչելյանը 1978-ին կորգրեսական Լեո Ռայընի հետ Գայանա կատարած այցի ժամանակ ենթարկվել էր հարձակման, ինչի արդյունքում կոնգրեսականն ու չորս այլոք զոհվել էին, Կանչելյանը, ստանալով հրազենային հինգ հարված, ողջ էր մնացել 22 ժամ անօգնական մնալով։

Տառապանքներին դիմանալու փաստը նա կապում է հայկական իր արմատների հետ՝ ասելով, թե այդ ուժը իրեն է փոխանցվել ցեղասպանություն վերապրած իր ժողովրդից։


Նա հիշում է ցեղասպանության մասին իր մոր պատմածները եւ պարբերաբար հայտարարում, որ եթե ԱՄՆ-ը ուզում է լինել ազատ աշխարհի առաջնորդ, պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ թե հետեւի ճշմարտությունը թաղելու քաղաքականությանը։

Նրա խոսքերով, Ամերիկայի Կոնգրեսում հայկական ծագումով օրենսդիր ունենալու կարեւորությունն այն է, որ կրելով այս ժողովրդի պատմությունն ու մշակույթը եւ որպես սեփականություն ունենալով այդ ժողովրդին անցած ուղին՝ կարող ես ավելի լավ ներկայացնել նրան հուզող հարցերը։

Ի դեպ, Սպայըր Կանչելյանը, որի պապերից մեկը հրեա է, կարեւորում է հայ եւ հրեա համայնքների համագործակցությունը՝ Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ընդունելու համար։

՝՝Չեմ ըմբռնում, թե ինչպես երկրորդ ցեղասպանությունն ապրած ժողովրդի պետությունը կամ որոշ կազմակերպություններ կարող են չընդունել Հայոց ցեղասպանությունը։ Իմ ընտրատարածքում կան մեծաթիվ հայեր ու հրեաներ, ում աջակցությամբ պիտի կարողանամ ներկայացնել համապատասխան բանաձեւ՛՛, ասաց նա ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը։

Որպես Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ, մեկ տասնամյակի ընթացքում Կանչելյանը հեղինակել է հայկական հարցերին առնչվող 15 օրինագիծ ու խոստանում է այդ գործունեությունը շարունակել նաեւ որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ։

Ընտրության օրը նշանակված է ապրիլի 8-ին։

XS
SM
MD
LG