Թուրքիայի կառավարող կուսակցությունը կանգնեց արգելման վտանգի առջեւ, երբ երկրի սահմանադրական դատարանը կայացրեց այս հարցը քննարկելու մասին որոշում։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից կարող են 5 տարով զրկվել նույնիսկ երկրի նախագահն ու վարչապետը։ Հանգամանք, որը Թուրքիան տանում է դեպի քաղաքական ճգնաժամ։
Մահմեդական արմատներ ունեցող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը Թուրքիայի համընդհանուր ընտրություններում անցյալ տարի տարավ նշանակալի հաղթանակ՝ ստանալով ձայների 47 տոկոսը։ Հաղթանակից շատ չանցած՝ մեծաթիվ վերլուծաբաններ սկսեցին քննադատել վարչապետ Էրդողանին, ի հակադրություն նախկին կառավարության, կրոնական հարցերում փոխզոջումներից խուսափելու համար։
Օրինակ քաղաքական հրապարակախոսներից Մուրաթ Եթքինի խոսքերով, այդ հաղթանակից հետո ՝՝Էրդողանին թվում է, թե կարող է կառավարել աշխարհը՛՛։
Մյուսները, ինչպես վերլուծաբան Նուրայ Մերթը, երկիրը երկու տարբեր բեւեռների բաժանելու մեջ են մեղադրում նույն կուսակցությունից ընտրված նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ գտնում, որ նա է մեղավոր ներկա ճգնաժամի համար։
Նրանք ասում են, թե այն հանգամանքը, որ Գյուլի կինը հասարակական վայրերում կրում է մահմեդական գլխաշոր, ընդգծում է հանրապետական գաղափարախոսությանը Գյուլի նետած մարտահրավերի մասին եւ չնայած որպես չեզոք գործիչ ներկայանալու նրա ջանքերին, իրականում նա չի կարողանում դա ապացուցել։ Ավելին, նա ապացուցել է հակառակը՝ բարձր պաշտոններում մահմեդական կուսակցության անդամների նշանակելով։
Այսօր այս կուսակցությունը կանգնած է մահմեդական արմատներով Բարեկեցություն կուսակցության ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ, քանի որ սահմանադրական դատարանը պատրաստվում է, երկրի աշխարհիկ սկզբունքները պաշտպանելու հայտարարություններով, լսել կուսակցությունն արգելելու հարցը։
Այս զարգացումները էապես են սրում Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը։ Չնայած վարչապետը ակնարկել է, սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելով, կուսակցությունների գործունեությունն արգելելու հնարավորությունները խոչընդոտելու մտադրության մասին, շատերն են ասում, որ այն կնշանակի մինչեւ վերջ պայքարի մի նոր մարտահրավեր, ինչը Թուրքիան կտանի դեպի ավելի խորը ճգնաժամ այն պահին, երբ այն թափում է Եւրոպական Միությանն անդամակցելու ճիգեր։
Եւրոպական Միությունն ընդարձակելու հարցերով Միության հանձնակատար Օլլի Ռեհնն արդեն հայտարարել է, որ նման պայմաններում Թուրքիայի անդամակցության հարցը հայտնվում է վտանգի տակ։