Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վաշինգտոնում հանդիպում ունեցավ նախագահ Ջորջ Բուշի հետ։ Վերջինս շնորհակալություն հայտնեց Սահակաշվիլիին Վրաստանում եւ այլուր ժողովրդավարությանը նպաստելու համար, հույս հայտնեց, որ հակամարտությունները կլուծվեն խաղաղ եղանակով՝ հիմք ընդունելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա նաեւ ասաց, թե աջակցում է ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանի ջանքերը եւ հավատում, որ դրանով կշահի ե՛ւ ՆԱՏՕ-ն, ե՛ւ Վրաստանը։

ԱՄՆ կատարած այցի ժամանակ Սահակաշվիլիի բոլոր հանդիպումների օրակարգում դրվող հարցերը հիմնականում վերաբերում են ՆԱՏՕ-ին անդամակցության, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերություններին, եւ որ ամենակարեւորն է Վրաստանի համար՝ Աբխազիայի կարգավիճակին եւ Կոսովոյի անկախության նախադեպից խույս տալու ջանքերին։

Չնայած Ռուսաստանի հետ եկող շաբաթվանից օդային կապը վերականգնելու համաձայնությանը եւ այն փաստին, որ Սահակաշվիլին Ռուսաստանը համարում է ՝՝այս տարածաշրջանում բարեկամության մեծ ներուժով գործընկեր՛՛, հարաբերությունները Մոսկվայի հետ դժվար է բարեկամական անվանելը։ Իսկ չնայած Աբխազիայի ՝՝դե ֆակտո կառավարության՛՛ փաստը նրա կողմից ընդունելու հանգամանքին եւ Աբխազիայի հարցով նոր առաջարկներ ներկայացնելու նրա հայտարարությանը, Աբխազիան փաստորեն մնում է որպես ամենաբարդ խնդիրը՝ այս խնդիրը շատ արագ լուծելու խոստումներ տված նախագահի համար։ Դրա ապացույցն է աբխազական կողմի այն հայտարարությունը, ըստ որի աբխազական ուժերը Սեւ ծովի վրա ոչնացրել են վրացական լրտեսական մի օդանավ։

Վրաստանին այսօր շատ է մտահոգում նաեւ Աբխազիայի վրա նախկին խորհրդային մի քանի երկրների կողմից հաստատված պատժամիջոցների պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու փաստը, ինչը ԱՄՆ-ի կարծիքով, կարող է զենքի ներհոսք ապահովել դեպի ՝՝անջատողական այս երկրամաս՛՛։

Իսկ քանի դեռ Սահակաշվիլին Բուշի հետ բանակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, Ռուսաստանը շարունակում է մտահոգություն հայտնել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի տարածման ջանքերի առնչությամբ։

Հակառակ նրան, որ Ամերիկան հայտարարում է, թե Ռուսաստանի հետ Վրաստանի բարեկամական հարաբերությունները կբարելավեն ՆԱՏՕ մուտք գործելու Թբիլիսիի հնարավորությունները, Ռուսաստանի նախագահ Պուտինը վրացի իր պաշտոնակցին ասում է, թե չի հասկանում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ջանքերի ՝՝իրական իմաստը՛՛, իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նախազգուշացնում դրա հնարավոր հետեւանքներով։

Իսկ հնարավոր հետեւանքը կարող է լինել Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության պաշտոնական ճանաչումը, ինչը, չնայած Կոսովոյի դեպքը ՝՝հատուկ՛՛ համարելու ԱՄՆ-ի հայտարարություններին, կարող է ապացուցել քաղաքականության մեջ եւս շղթայական ռեակցիայի գոյությունը։

XS
SM
MD
LG