Մատչելի հղումներ

Նախագահական ընտրություններ Վրաստանում


Վրաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Միխեիլ Սահակաշվիլին ստացել է ձայների 52.8 տոկոսը, ինչը նա օգտագործում է հայտարարելու համար, թե իր հանրապետությունը գտնվում է դեպի եւրոպական ժողովրդավարական պետություն տանող ուղու վրա:

Երկրի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, որն այս ընթացքում կատարում էր երկրի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները, վստահ է, որ ընդդիմությունը չի կարող ստանալ զանգվածային ցույցեր անցկացնելու համար ժողովրդի աջակցությունը: Նա ընդունում է, որ տեղի են ունեցել նաեւ խախտումներ, սակայն խոստանում, որ կառավարությունն ամեն ինչ կանի ապագայում դրանց կրկնությունը թույլ չտալու համար:

Վրաստանի ընդդիմության կողմնակից հազարավոր ցուցարարներ բողոքում են տեղի ունեցած խախտումների դեմ ու նախազգուշացնում երկրում անկայունություն սկսելու հնարավորության մասին: Ընդդիմության ղեկավարներն էլ պատրաստվում են դիմել դատարան: Ինչպե՞ս պատահեց, որ մեծ հեղիինակություն վայելող, քառասունամյա Սահակաշվիլին հայտնվեց վիճարկելի պայմաններում:

Բոլորն են ընդունում , որ նա կարողացել է երկրում ջաջխջախիչ հարված հասցնել կազմակերպված հանցագործությանը եւ կաշառակերությանը, ժամանակակից հենքի վրա դնել ոստիկանությունն ու բանակը, ապահովել երկրի գազի ու էլեկտրականության սնուցումը, բարեկարգել ճանապարհները, ապահովել տնտեսության տարեկան տասը տոկուսի աճ: Բանն այն է, որ այս ամենից զատ, նա չի հանդուրժում այլախոհությունը, ընտրում է կառավարման ինքնակալական ոճը, ինչն արտահայտվեց նոյեմբեր ամսին, երբ ընդդիմության դեմ հանվեցին ոստիկանական ուժեր: Դա էր իր աջակիցներից շատերին իրենից վանելու պատճառներից ամենագլխավորը:

Ռուսաստանը, որն արեւմուտքի հետ պայքարում է Վրաստանի վրա իր վերահսկողությունը պահպանելու համար, սուր քննադատության է ենթարկել արեւմտամետ Սահակաշվիլիի օգտին անցած ընտրությունները: Իսկ ի՞նչ կարծիք ունի ԵԱՀԿ-ը: Այս կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բաժնի խոսնակ Ուրդուր Գունարսդոթիրը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հեռախոսով ասաց.

«Վրաստանի ընտրությունները համապատասխանում էր ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու միջազգային չափանիշներին, սակայն այն չի կարելի անվանել ընտրություն՝ առանց խնդիրների: Տեղի են ունեցել խախտումներ եւ կեղծիքներ»:

Մեր այն հարցին, թե արդյոք այդ խախտումները կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, ԵԱՀԿԻ պաշտոնյան ասաց, թե դժվար է այդ մասին հիմա խոսելը ու ավելացրեց, որ ներկայացված բողոքների հիման վրա հարկավոր է սկսել հետաքննություն: Եւ դրանից հետո հնարավոր կլինի ասել, դրանք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա, թե՝ ոչ:

XS
SM
MD
LG