Մատչելի հղումներ

Իրանը քաղաքական դաշնակիցներ է որոնում լատինամերիկյան երկրներում


ՄԱԿ-ի Գլխավոր ժողովում իր ելույթից հետո, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նոր ուղեւորություն է իրականացնում լատինամերիկյան երկրներում՝ այստեղ քաղաքական աջակցություն ձեռք բերելու եւ ԱՄՆ-ի դեմ ընդդիմություն կազմակերպելու նպատակով:

Այս տարածաշրջանում վերջին անգամ նա եղել էր հունվար ամսին: Երկու այցելությունները նա օգտագործում է՝ շեշտելու այս երկրների տնտեսությունների զարգացման համար Իրանի նավթի պաշարների կարեւորությունը:

Այստեղ Իրանի նախագահի ամենաջերմ աջակիցներից մեկը Վենեսուելայի նախագահ Հյուգո Չավեզն է, որը լիովին աջակցում է Իրանի առաջարկած տնտեսական ծրագրերը:

Սակայն ինչպես տնտեսագետ Ջորգե Սալազար-Կարիյոն է ասում, Լատինական Ամերիկայում Իրանի աճող կապերն ունեն հիմնականում քաղաքական նպատակներ.

«Իրանը Լատինական Ամերիկային առաջարկելու շատ բան չունի, քանի որ այս երկրներն ունեն նավթի իրենց պաշարները կամ գնում են հարեւաններից: Սա զուտ քաղաքակարա հարաբերությունների հարց է»:

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան Իրանի հետ քաղաքական դաշինքը կարեւոր է համարում նոր նավահանգստի կառուցումը ֆինանսավորելու համար:

Սակայն լատինամերիկյան շատ երկրներ, 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական կենտրոնի պայթեցման գործում Թեհրանի մասնակցության կասկածներով, ավելի զգույշ են Իրանի հարցում: Իրականացված հարձակման համար Արգենտինան մեղադրում է Իրանի կառավարությանն ու Հեզբոլլահին:

Մասնագետներից ոմանք էլ կարծում են, որ Իրանի աջակից երկրներն էլ ունեն այս երկրի հետ հարաբերությունները զարգացնելու սահմաններ:

«Վենեսուելան, Նիկարագուան, Էկվադորը եւ Բոլիվիան լավ գիտեն, որ ավելի շատ ունեն ԱՄՆ-ի, քան Իրանի կարիքը», ասում է Ջերրի Հաարը Ֆլորիդայի միջազգային համալսարանից։

Միջազգային աջակցություն ապահովելու Իրանի ջանքերը իրենց պտուղները ցույց կտան այս ամիս, երբ քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս երկրին ոչ մշտական տեղ հատկացնելու հարցը:

XS
SM
MD
LG