Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները խոստանում է աջակցել Աբբասի չափավորական կառավարությանը


Նախագահ Բուշը հայտարարել է Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացի շուրջ նոր խորհրդաժողով գումարելու մասին։ Պրն. Բուշը նաեւ կոչ է արել հավելյալ օգնություն տրամադրել Մահմուդ Աբասի կառավարությանը, որն Համասի կողմից Գազայի գոտու գրավումից հետո վերահսկում է Հորդանան գետի արեւմտյան ափը։ Անցյալ ամիս Գազան Համասի կողմից բռնությամբ զավթելու փաստը հիշեցնելով՝ նախագահ Բուշը կոչ արեց պաղեստինցիներին մերժել այս կազմակերպությունը.

«Իր գործողությամբ Համասը ցուցադրեց, որ ավելի նվիրված է ահաբեկչությանն ու սպանություններին, քան պաղեստինցի ժողովրդին ծառայելուն»:

Երուսաղեմում պաղեստինցիների եւ Իսրայելի ղեկավարների միջեւ հանդիպումից հետո, Իսրայելը հայտարարեց պաղեստինցի 250 բանտարկյալների ազատ արձակելու մտադրության մասին: Համասի անդամ, կառավարությունից հեռացված նախկին նախարարի Բասեմ Նաիմի խոսքերով, կեղծ են նման հանդիպումները.

«Նման քայլով Իսրայելը պարզապես թմրացուցիչներ է ներարկում պաղեստինցիներին»:

Իսրայելն ու ԱՄՆ-ը ցանկանում են օգնել Աբբասի կառավարությանը եւ միջազգային այս համաժողովին մասնակցելու հրավերներ ներկայացնում նաեւ պաղեստինյան պետություն հիմնելու գաղափարն աջակցող մահմեդական երկրներին: Պարոն Բուշը նշեց, որ ԱՄՆ-ը արդեն խոստացել է 190 միլիոն դոլարի օգնություն՝ շեշտելով դրանց ծավալները մեծացնելու հնարավորության մասին: Նրա խոսքերով, ծայրահեղականների եւ չափավորականների միջեւ պաղեստինյան հակամարդտությունը նույնն է, ինչպես պայքարը Լիբանանում, Աֆղանստանում եւ Իրաքում.

«Այս պայքարում ծայրահեղականներին պարտվելը մահացու հետեւանքներ կունենա տարածաշրջանի եւ աշխարհի համար: Այդ պատճառով, Գազայում, Հորդանան գետի արեւմտյան ափում եւ այլուր միջազգային համայնքը պիտի կանգնի խաղաղության համար պայքարող այս խիզախ անձանց կողքին»:

Այս շաբաթավերջին տեղի կունենա եւս մեկ հանդիպում՝ այսպես կոչված Քառյակի հավաքը: Մեծ Բրիտանիիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որպես հատուկ դեսպանորդ, հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ Եւրոպական Միության դիվանագետների հետ: Նախագահ Բուշն ասում է, թե միջազգային համայնքը կարող է օգնել, սակայն բռնությունների ու չափավորականության միջեւ ընտրություն կատարելու հնարավորությունը տրված է միայն Իսրայելին ու պաղեստինցիներին:

XS
SM
MD
LG