ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե ազատության տարածումը ոչ միայն բարոյական անհրաժեշտություն է, այլեւ՝ աշխարհում խաղաղություն ապահովելու իրական ուղի:
«Տարիներ առաջ [խորհրդային այլախոհ] Անդրեյ Սոլժենիցինը նախազգուշացնում էր, թե այն երկիրը, որը չի հարգում իր իսկ ժողովրդի իրավունքերը, չի կարող հարգել հարեւանների իրավունքները: Եւ պատմությունն ապացուցում է նրա խոսքերի ճշմարտացիությունը: Այն պետությունները, որոնք կրում են պատասխանատվություն իրենց ժողովուրդների առջեւ, երբեք իրար դեմ չեն պատերազմում: Ժողովրդավարական պետությունները, փոխմեղադրանքների միջոցով քավության նոխազներ որոնելու փոխարեն, խնդիրները հարթում են քաղաքական եղանակներով: Այն երիտասարդները, ովքեր բացահայտ կերպով իրենց անհամաձայնությունն են հայտնում իրենց ղեկավարներին, ավելի քիչ հավանական է, որ որդեգրեն բռնությունների գաղափարախոսություն: Եւ այն երկրները, որոնք հարգում են իրենց ժողովուրդների ազատությունները, չեն կարող աջակցել ծայրահեղականությանը: Այդ պատճառով է, որ Միացյալ Նահանգները որդեգրել է ազատությունն ու ժողովրդավարությունը տարածելու քաղաքականություն, որպես բռնությունների եւ արմատականության դեմ պայքարի միջոց»:
Նախագահ Բուշն ասում է, թե Միացյալ Նահանգների ազատության այս պարտավորություններն իրականացնելու նպատակով է ինքը հանդիպումներ ունեցել բռնապետական այնպիսի երկրների այլախոհների հետ, ինչպես Բելառուսը, Բիրման, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սուդանը եւ Զիմբաբվեն: Նա անհամբերությամբ է սպասում այլ երկրների, այդ թվում՝ Իրանի ու Սիրիայի այլախոհների հետ հանդիպումներին: Նրա խոսքերով, ժողովրդավարությունը վտանգի տակ է հայտնվել այդ ուղու վրա որոշ առաջընթաց կատարած երկրներում.
«Վենեսուելայում ընտրյալ ղեկավարները որդեգրել են, էժան հեղինակություն ձեռք բերելով, ժողովրդավարական հաստատությունները վերացնելու քաղաքականություն: Ուզբեկստանում կառավարությունը փորձում է, մարդու իրավունքների համար պայքարող անձանց բանտարկելով, լռեցնել անկախ մտածելակերպը երկրում: Իսկ Վիետնամում ձերբակալում են կրոնական եւ քաղաքական խաղաղ գործիչների»:
Սակայն չնայած նման մտահոգիչ զարգացումներին, կա տեղ լավատեսության համար, ասում է նախագահ Բուշը.
«Ավելի մեծ թվով մարդիկ են այսօր ապրում ազատության պայմաններում, քան նախկինում որեւէ ժամանակ, եւ ազատությունը վայելողների պարտականությունն է օգնել նրանց, ովքեր պայքարում են հանուն իրենց հասարակությունների ազատության»: