Պրագայում արտասանած ելույթում Բուշը կասկածի տակ առավ ժողովրդավարության սկզբունքերը հարգելու հարցում Ռուսաստանի իր պաշտոնակցի դիրքորոշումը.
«Ավելի վաղ խոստացված ժողովրդավարական բարեփոխումները շեղվում են ուղուց՝ ցույց տալով մտահոգիչ նշաններ»:
Բուշի խոսքերով, Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ ունի բարեկամական «համապարփակ» եւ աշխատանքային ամուր կապեր, որոնք թույլ են տալիս տարաձայնությունների մասին խոսել անկեղծորեն: Ելույթում Բուշը նույն հարցով քննադատեց նաեւ Չինաստանին, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային ու Պակիստանին՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է ժողովրդավարության տարածումն ամբողջ աշխարհում.
«Մեր վերջնական նպատակը աշխարհում բռնատիրությունը վերացնելն է: Հաճախ ասում են, թե ես դառնում եմ այլախոհ նախագահ, սակայն, եթե ազատության համար պայքարս դարձնում է ինձ այլախոհ, ես հպարտանում եմ դրա համար»:
Ռուսաստանի մասին Բուշի մեկնաբանությունները կարող են է՛լ ավելի բարդացնել Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում նախագահ Պուտինի հետ նրա հանդիպումը: Ռուսաստանի նախագահն ասում է, թե Եւրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծելու Վաշինգտոնի ծրագիրը կխախտի աշխարհի ռազմավարական հավասարակշռությունը:
Միացյալ Նահանգները պնդում է, թե Ռուսաստանի համար անհանգստնալու պատճառ չկա, քանի որ համակարգն ունի Եւրոպան Իրանի նման երկրների հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակ:
«Մեզ Իրանն անհանգստացնում է այն պատճառով, որ վերջինս ընտրել է այն ուղին, որով 90-ական թվականներին գնաց Հյուսիսային Կորեան», ասել է Հրթիռային պաշտպանական համակարգի գործակալության պաշտոնյա Գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը։
Նախագահ Պուտինն ասում է, եթե ԱՄՆ-ը շարունակի հրթիռային պաշտպանական իր ծրագիրը, Ռուսաստանը ստիպված կլինի իր հրթիռների համար Եւրոպայում ընտրել այլ թիրախներ: