Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ծրագիրը եղանակի փոփոխության մասին


Նախագահ Բուշը առաջիկա շաբաթ տեղի ունենալիք արդյունաբերապես զարգացած ութ երկրների գագաթաժողովում կներկայացնի մի նոր ծրագիր կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի վերաբերյալ։

Մինչ այժմ Բուշը բազմիցս է արժանացել քննադատության՝ կլիմայական փոփոխությունների վրա ազդող արտանետումների ծավալները կրճատելու հարցում ցուցաբերած դժկամության համար: Եւ ահա մինչեւ գագաթաժողովը, Բուշը ներկայացնում է մի ծրագիր, ըստ որի մթնոլորտն ամենաշատն աղտոտող երկրները մինչեւ 2008 թվականը պիտի կազմեն ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ծրագիր.

«Այս նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգները սկսելու է հադիպումների շարք այդ թվում Հնդկաստանի ու Չինաստանի նման արագ զարգացող երկրների հետ»:

Բուշն ասում է, թե պարտադրանքների փոխարեն, յուրաքանչյուր պետություն պիտի ներկայացնի իր նպատակները, որոնց հիման վրա պիտի կազմվի մեկ առանձին ծրագիր: Նրա խոսքերով, տեխնոլոգիական իր գիտելիքները հաղորդելու համար, Միացյալ Նահանգները ցանկանում է աշխատել մյուս երկրների հետ միասնաբար.

«Էներգետիկայի եւ երկրագնդի ջերմության բարձրացման խնդիրները կարելի է լուծել տեխնոլոգիական միջոցներով: Այս հարցում առաջնային տեղ ունի Միացյալ Նահանգները: Այսօր պայմանները պահանջում են, որ դառնանք բնության ավելի լավ պահապաններ»:

Վաշինգտոնում արտասանած այս ելույթի ընթացքում Բուշը խոսեց էթանոլի պես բուսական վառելանյութերի արտադրության կարեւորության մասին եւ նշեց, որ ԱՄՆ-ը հույս ունի մինչեւ տարեւերջ փոխել բնության համար մաքուր տեխնոլոգիական միջոցների վրա դրված հարկաչափերը.

«Եթե ուզում եք իրապես օգնել բնությանը, հարկավոր է, որ որոշ երկրներ հրաժարվեն իրենց այսօրվա հարկաչափերից եւ այն ամենից, ինչը խոչընդոտում է տեխլոնոգիական միջոցների մուտքը իրենց տարածքներ»:

Սպիտակ Տունը հերքում է այն հայտարարությունները, թե Բուշի այս խոսքերի նպատակը գագաթաժողովից առաջ ԱՄՆ-ի նկատմամբ քննադատությունը մեղմելն էր: Միացյալ Նահանգները հրաժարվել է ստորագրել ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու մասին Կիոտոյի միջազգային համաձայնագիրը:

XS
SM
MD
LG