Մատչելի հղումներ

Բանավեճեր Միացյալ Նահանգներում մշտական բնակության եւ քաղաքացիության համար գանձվող գների  բարձրացման շուրջ


Մի կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կոչ է անում ընդունել անօրինական միլիոնավոր փախստականներին օրինական կարգավիճակ տալու մասին օրենք, մյուս կողմից այստեղ ցանկանում են կտրուկ բարձրացնել այդ կարգավիճակների համար հարկվող գանձումները:

ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը մոտ 60 տոկոսով բարձրացնում է բոլոր դիմումների դրամական գանձումների չափը: Բնակության իրավունք ստանալու համար կգանձվի մոտ 1ՕՕՕ, քաղաքացիություն ստանալու համար՝ 600 դոլար: Ոմանք ասում են, որ սրա նպատակը ներգաղթի մասին նախագահ Բուշի ծրագրերը խոչընդոտելն է:

«Ընտանիքի յուրաքանչյուր անդամից հազար դոլարի գանձումը անօրինական փախստականներից դեռ շատերին կստիպի մնալ «ստվերի տակ», ասում է Ներգաղթի ամերիկյան իրավաբանների ընկերակցության փոխտնօրեն Քրիսթըլ Ուիլյամսը։

Նրա խոսքերով, այս գանձումները, լինելով ֆինանսական մեծ խնդիր շատերի համար, նրանց կստիպեն հեռու մնալ դիմումներ ներկայացնելու քայլից: Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության բարձր պաշտոնյաներն ասում են, թե դիմումներով զբաղվելու համար գործակալությունը պետությունից չի ստանում ֆինանսավորում, եւ եթե գանձման չափը չավելանա, կկրճատվի աշխատողների թիվը, դրա հետեւանքով՝ կերկարաձգվի դիմումներին ընթացք տալու համար անհրաժեշտ ժամանակամիջոցը:

«Միջազգային չափանիշները պահպանելու, դիմումներին առանց ուշացումների ընթացք տալու համար, մենք պարզապես ունենք ավելի մեծ հնարավորությունների կարիք», Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության աշխատակից Քրիս Բենթլին։

Բենթլին ասում է սակայն, որ նման գանձումներից դեռեւս ազատվում են փախստականները եւ ապաստան որոնողները: Սակայն, եթե ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունն այսքան կախյալ է գանձումներից, արդյո՞ք համակարգը փոխելու ժամանակը չէ:

«Քաղաքացիությունը պետության շահն է: Այդ պատճառով, կարծում ենք, որ համակարգը շտկելու համար, հարկավոր են դրամական միջոցներ, որոնք չի կարելի ստանալ միայն անհատ անձանցից գանձումների միջոցով», ասում է Կաթոլիկների օրինական ներգաղթի ընկերակցության անդամ Դոնալդ Քերուին։

Կոնգրեսականներից ոմանք կարծում են, որ այդ ծախսը չպետք է դրվի հարկատուների ուսերին:

«Սահմանն անօրինական կերպով անցնելու համար մարդիկ տալիս են 1500-ից մինչեւ 2500 դոլար կաշառք: Ուրեմն, եթե ավելի ցածր են օրինական գանձումները, դրանք չի կարելի համարել բարձր», ասում է Ներկայացուցիչների Պալատի անդամ Ստիվ Քինգը։

Վերջին տարիներին անկում է ապրել քաղաքացիության համար դիմողների թիվը, եւ գների նախկինում նախադեպը չունեցող այս թռիչքը, շատերի խոսքերով, կարող է դառնալ է՛լ ավելի մեծ խոչընդոտ այդ ճանապարհին:

XS
SM
MD
LG