Էլեկտրաէներգիայի բարձր գները եւ դրա աճող պահանջարկը ստիպում են զարկ տալ նավթի ու գազի արտահանումներին: Վերջերս Տեխասի ամենամյա համաժողովին էր մասնակցում 11Օ երկիր ներկայացնող 67 ներկայացուցիչ:
Այստեղ էին հավաքվել այն մասնագետները, ովքեր ասելիք ունեն ստորջրյա հորատման բնագավառում: Այստեղ էին նաեւ դրա համար տեխնոլոգիական միջոցներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ: Օրինակ Տեխասում գործող Canrig ընկերությունն իր հետ բերել էր հորատող մի քանի տոննա կշռող սարքավորումներ:
Մասնակիցներին հետաքրքրում է յուրաքանչյուր սարքավորում, որը կարող է ավելի արդյունավետ դարձնել նավթի արդյունահանումը եւ բարձրացնել դրա որակը: Brookfield ընկերությունը ցուցադրում էր նավթի խտությունը չափող իրենց արտադրած սարքը:
«Մենք նավթի խտությունը չափում ենք հենց նավթը գետնի տակից դուրս գալու ժամանակ, քանի որ անգամ մեկ տասնորդական տոկոսի ավելի խտությունը տարեկան տալիս է միլիոնավոր դոլարների հավելյալ շահ», ասում է Ստիվ Դեյլը Brookfield ընկերությունից։
U.S. Underwater Services of Burleson ամերիկյան ընկերությունը իր սուզորդներին է ուղարկում աշխարհի տարբեր հատվածներ՝ վերանորոգելու համար հորատող ստորջրյա կառույցները: Դրա պահանջը Կատրինա ու Ռիտա ծովամրրիկներից հետո մեծացել էր հատկապես Մեքսիկայի ծոցում:
«Մեր ծառայությունը տարբեր խորությունների վրա իրականացրեց ստորջրյա պլատֆորմների վերանորոգումներ՝ լիովին վերականգնելով դրանց գործունակությունը», ասում է Ստորջրյա ծառայության նախագահ Մայքըլ Էրինակեսը։
Էրինակեսն ասում է, թե իրենք կարողանում են մեկուսացնել ստորջրյա կառույցների այն հատվածները, որտեղ սուզորդները պետք է կատարեն զոդման աշխատանքներ:
«Նախ իջեցնում ենք խցիկը, օդով դուրս ենք մղում ջուրը: Հետո հատվածը մինչեւ 40 աստիճան տաքացնելու համար ներքեւ ենք մղում տաք արգոն եւ հելիում, որից հետո՝ սկսում զոդման աշխատանքները», ասում է Մայքըլ Էրինակեսը։
Սա թույլ է տալիս խուսափել հորատող սարքերը լիովին ապասարքավորելուց: Փորձագետներն ասում են, թե մինչեւ 2030 թվականը աշխարհում կիրացվի 50 տոկոսով ավելի նավթ, ինչը այսօր ստիպում է նավթարդյունահանող ընկերություններին իրենց ներուժն ու ամբողջ կարողությունները կենտրոնացնել ծովի ընդերքի վրա: