Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Միացյալ նահանգների արտգործնախարարության ամենամյա զեկույցում մեծ անհանգստություն է արտահայտվում Չինաստանի ույղուր մահմեդականների նկատմամբ քաղաքական, կրոնական ու մշակութային իրավունքների ոտնահարումների համար:
Ըստ զեկույցի, Շինջոնգում անցյալ տարի շարունակում էին ձերբակալել կառավարությանը սպառնացող գործունեություն ծավալելու մեջ կասկածյալ անձանց եւ ներկայացնել տարբեր, այդ թվում՝ պետական անվտանգությանն առնչվող մեղադրանքներ:
Գրանցման խիստ կանոնները տարածվում են Չինաստանի կրոնական բոլոր խմբավորումների վրա, սակայն՝ կիրառվում հիմնականում Շինջոնգի շրջանի ույղուր մահմեդականների նկատմամբ:
Չինաստանում բոլոր մզկիթները պետք է գրանցված լինեն պետության վերահսկողության տակ գտնվող Չինաստանի մահմեդական ընկերակցությունում: Մինչեւ կրոնական ծառայության անցնելը, իմամներից պահանջվում է ձեռք բերել պետության կողմից տրվող իրավունք եւ պարբերաբար հաճախել հայրենասիրական դասընթացների: Շինջոնգի իշխանությունները կրոնական խաղաղ գործունեություն ծավալող անձանց հաճախ մեղադրում են ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության «երեք չարիքներ»-ով զբաղվելու մեջ:
Ույղուրների իրավունքները պաշտպանող անձինք ու նրանց ընտանիքները կարող են ենթարկվել խիստ տույժերի: Չինաստանի դատարաններից մեկը Շինջոնգում վերջերս Աբլիքիմ Աբդիրիյիմին դատապարտեց ինը տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով անջատողականություն հրահրելու մեջ: Աբլիքիմը Աշխարհի ույղուրական համագումարի նախագահ Ռեբիյա Քադիրի որդին է: Նրա մյուս երկու որդիները դատապարտվել են հարկային խախտումների մեղադրանքներով՝ նրանցից մեկի նկատմամբ կայացնելով յոթ տարվա ազատազրկման մասին վճիռ:
Ըստ որոշ տեղեկությունների, պարոն Աբլիքիմի եւ եղբայներից մեկի նկատմամբ կալանավայրում իրականացվել են բռնություններ: ԱՄՆ-ը պարբերաբար մտահոգություն է հայտնել հարուցված մեղադրանքների կապակցությամբ, հավատացած լինելով, որ դրանք պատասխանն են Միացյալ Նահանգներում պարոն Քադիրի վարած քաղաքական գործունեության:
ԱՄՆ-ը մտահոգված է նաեւ 2006 թվականին Ուզբեկստանից Չինաստան արտաքսված Կանադայի քաղաքացի Հուսեինջան Ջիլիլիին արտաքսելու, մեղադրելու եւ դատապարտելու գործընթացով:
Չինաստանն ունի ահաբեկչության դեմ պայքարելու իրավունք եւ պարտավորություն, որտեղ էլ այն ի հայտ գա: Սակայն երկրի կառավարությունը ահաբեկչության դեմ պատերազմը չպետք է դարձնի ույղուրների եւ խաղաղ գործունեությամբ զբաղվող այլոց նկատմամբ ճնշամիջոցներ կիրառելու պատրվակ:
«Մարդկանց ազատությունները ոտնահարելով՝ Պեկինը խոչըդոտում է իր գլխավոր նպատակներին հասնելու Չինսատանի կարողությունները», ասել է Արեւելյան Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Քրիստընսընը:
Նրա խոսքերով, միջազգային բեմահարթակում Չինաստանին չի տրվի ղեկավար դեր, քանի դեռ այն չի կառուցել ավելի բաց, թափանցիկ եւ ազատ հասարակություն: