Մատչելի հղումներ

Ընտրական կազմակերպությունների  պատվիրակների միջազգային համաժողով Վաշինգտոնում


Ընտրական համաշխարհային կազմակերպությունը, որի նպատակն աշխարհում ժողովրդավարական հասարակարգ կառուցելն է, աշխարհի տարբեր ծայրերից պաշտոնատար անձանց հրավիրել է Վաշինգտոն՝ ազատ եւ արդար ընտրությունների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Անցյալ տարի աշխարհի ուշադրությունը գրավեցին մի քանի պետություններում անցկացված ընտրությունները, որտեղ թեկնածուների միջեւ լարված պայքարը ցույց տվեց, թե որքան մեծ է դասակարգային բաժանումն այս երկրներում։

67 տարբեր երկրներից միջազգային ոչ շահութաբեր այս կազմակերպության հանդիպմանն է մասնակցում 200 պատվիրակ ու քննարկում աշխարհում ազատ ընտրություններ ապահովելու ուղիները: ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյա Փոլա Դոբրիանսկի ասում է.

«Փաստն ակնհայտ է, որ ժողովրդավարական պետություններն ավելի լավ են առնչվում համաշխարհային, ինչպես օրինակ՝ թռչնագրիպի, բնական պաշարների, մարդկանց անօրինական փոխադրումների խնդիրների լուծման ձեւերին»:

Իսկ ամենաարդյունավետ ժողովրդավարությունն այն է, որը զարգանում է տվյալ երկրում ներսից, առանց դրսի ճնշումների: Փոլա Դոբրիանսկի ասում է.

«Ժողովրդավարության տարածում չի նշանակում մի երկրի օրինակը մյուսում կրկնօրինակելը: Այն պիտի արտացոլի տվյալ երկրի իրականությունը»:

Լուիս Կարլոս Ուգալդն անցյալ տարի Մեքսիկայի նախագահական ընտրությունները վերահսկող հաստատության ղեկավարն էր: Երկար ու լարված պայքարը ցույց տվեց, թե որքան մեծ է ճեղքվածքը հարուստների ու աղքատների միջեւ: Ձայների տարբերությունն այնքան փոքր էր, որ արդյունքների հրապարակման համար պահանջվեցին շաբաթներ:

Ի վերջո ձախակողմյան թեկնածուի նկատմամբ գրանցվեց պահպանողական Ֆիլիպ Քալդերոնի հաղթանակը: Լուիս Կարլոս Ուգալդն ասում է.

«Կարծում եմ, հակասությունները՝ նման դժվարին քննությունների տեսքով, ամրապնդում են ժողովրդավարությունը տվյալ երկրում»:

Համաժողովի պատվիրակները նաեւ քննարկում էին տեխնոլոգիական նոր միջոցների դերն ընտրություններում: «Կանավայի ընտրություններ» կազմակերպությունից Դայան Դեվիդսըն ասում է.

«Կանադայում տարբեր կուսակցություններ եւ թեկնածուներ աստիճանաբար ավելի շատ ընտրական գովազդներ են տարածում ինտերնետով: Ուրեմն պետք է մտածել, թե արդյոք այն կարգավորելու ժամանակը չէ»:

Ինտերնետն արդեն մեծ դեր ունի ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում: Եւ չնայած քվեարկությանը դեռեւս կա մեկուկես տարի, ինտերնետում արդեն իսկ կարելի է հանդիպել տարբեր թեկնածուների տեսագրություններ՝ սկսած քաղաքական համոզիչ ուղերձներից մինչեւ սադրիչ ծաղր:

XS
SM
MD
LG