Թմրանյութերի խնդրի շուրջ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության ամենամյա զեկույցում ասվում է, որ կակաչի մշակումն Աֆղանստանում անցյալ տարի հասել է երբեւէ ամենամեծ մակարդակի։
Թմրանյութերի շուրջ արտգործնախարարության նոր զեկույցը ներկայացրեց ԱՄՆ արտգործնախարարի օգնական Աննա Փաթերսոնը։ Նա ասաց, որ թմրանյութերի պատրաստման նպատակով կակաչի մշակումն անցյալ տարի ավելացել է 59 տոկոսով։
Կակաչի դաշտերն Աֆղանստանում անցյալ տարի զբաղեցրել են 172 հազար հեկտար տարածք, որից ստացվել է 5600 տոննա թմրանյութ։ Փաթերսոնն ասաց, թե թմրանյութերի առեւտրում ներգրավված են Թալեբանի ահաբեկիչները.
“Թալեբանը հրապարակայնորեն իրեն առնչել է կակաչի մշակման գործին, եւ թմրանյութերից ստացվող շահույթով այժմ օժանդակվում են Թալեբանի մարտիկները եւ նաեւ ֆինանսավորվում են ամերիկյան ու ՆԱՏՕ-ի զինուժերի դեմ հարձակումները՚՚։
Աննա Փաթերսոնն ավելացրել է, թե Աֆղանստանին սահմանակից Իրանը դրական կարեւոր դեր է խաղում թմրանյութերի փոխադրումն եւ առեւտուրը կանխելու գործում.
՚՚Աֆղանացիների շրջանում թմրանյութ գործածող մարդկանց թվաքանակն աշխարհում ամենամեծն է։ Իրանցիները չափազանց եռանդուն են իրենց սահմանում Աֆղանստանից եկող հաշիշի առաքումները հայտնաբերելու գործում։ Կարծում եմ, իրանցիները սա համարում են սոցիալական եւ իրավապահ մարմինների լուրջ խնդիր՚՚։
Փաթերսոնն ասաց, որ Աֆղանստանի կակաչի 45 տոկոսը մշակվում է Հելմանդի գավառում, ուր Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն Աֆղանստանի կառավարությանն օգնում են վերացնել կակաչի բերքն ու գյուղատնտեսական կուլտուրաների այլընտրական տեսակներ գտնել տեղի ագարակագործների համար։
ԱՄՆ արտգործնախարարի օգնական Աննա Փաթերսոնն ասաց, որ արեւմտյան կիսագնդում Մեքսիկան մնում է գլխավոր միջանցքը, Միացյալ Նահանգներ թմրանյութերի առաքումների համար։