Նախագահ Ջորջ Բուշն այսօր հայտարարելու է Իրաքի պատերազմին Միացյալ Նահանգների նոր մոտեցման մասին։ Սակայն Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է, թե նոր Կոնգրեսը պարոն Բուշին անսահմանափակ գումար չի տրամադրի իր ցանկությունները կատարելու համար։
Նախագահ Ջորջ Բուշն այսօր թերեւս կհայտարարի ամերիկյան քսան հազարանոց հավելյալ զինուժ Իրաք ուղարկելու մասին։ Սպիտակ Տան խորհրդական, հանգստի կոչված ամերիկացի գեներալ Ջեք Քինն ասում է, թե այդ զինուժը կօգտագործվի Բաղդադի թշնամաբար տրամադրված թաղամասերն ու Անբարի գավառը վերահսկելու համար.
՚՚Մենք բավարար թվով զինուժ չունեինք մնալու այդ թաղամասերում քսանչորս ժամ շարունակ, եւ ավազակներին ու մարդասպաններին կանխելու, որպեսզի չվերադառնան եւ չահաբեկեն ու չսպանեն մեր հետ համագործակցած անձանց՚՚։
Սակայն Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է, թե Իրաքի անվտանգության խնդիրն այդ երկրի կառավարության պատասխանատվությունն է։ Նա ավելացրել է, որ պատերազմի սաստկացումը հակառակ է ամերիկացի քվեատուների ցանկությանը, ովքեր դա արտահայտեցին անցյալ նոյեմբերի ընտրություններում։
Նա ակնարկել է, որ մինչ աջակցում է Իրաքում ամերիկյան զինուժին, Ներկայացուցիչների պալատը թերեւս չի հաստատի գումար հատկացնելը Իրաք նոր զինուժ առաքելու համար.
՚՚Եթե նախագահը ցանկանում է նոր զինուժ ավելացնել այս առաքելությանը, ապա պետք է արդարացնի իր քայլը։ Սա նոր երեւույթ է նրա համար, քանի որ Հանրապետական կոնգրեսը մինչեւ այժմ նախագահին տրամադրել է անսահմանափակ գումարներ առանց վերահսկողության, առանց չափանմուշների, առանց նախապայմանի՚՚։
Բրուքինգզի հաստատության փորձագետ Ջերեմի Շապիրոն ասում է, թե կոնգրեսը կարող է օգտագործել այլ մարտավարություն վարչակազմի որոշման դեմ ընդդիմություն հայտնելով ու կոնգրեսի հանձնաժողովներում ունկնդրություններ կայացնելով։
Իրաքի մասին ունկնդրությունները կոնգրեսի զույգ պալատներում ծրագրված են սկսել այս շաբաթ։