Մատչելի հղումներ

Արձագանքներ Իրաքի կացությունն ուսումնասիրող ԱՄՆ-ի  երկկուսակցական հանձնաժողովի զեկույցին


Իրաքի կացությունն ուսումնասիրող ԱՄՆ-ի երկկուսակցական հանձնաժողովի զեկույցը խառն արձագանքների պատճառ է դարձել Եւրոպայում եւ Մերձավոր Արեւելքում Իրաքի ապագայի առնչությամբ։ Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ մինչեւ 2008 թվականը ԱՄՆ-ի մարտական զորամիավորները պետք է դուրս բերվեն Իրաքից եւ ամերիկացի զինվորականները պետք է կենտրոնանան Իրաքի ռազմական միավորներին վարժեցումներ եւ աջակցություն տրամադրելու գործողությունների վրա։ Հեռուստատեսությանը տրված հարցազրույցներում իրաքցիները դժգոհել են, որ զեկույցը ճիշտ ժամանակին չի հրապարակվել։ Շեյխ Դահիրի համլսարանի պրոֆեսոր Աուֆ Աբդուլ Ռահմանի կարծիքով, այդ հանձնաժողովը պետք է ստեղծվեր Իրաքի պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։

Իրաքի կացությունն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող բաժնում առաջարկվում է կապեր հաստատել Մերձավոր Արեւելքի եւ Իրաքի ապագայի քաղաքակականության միջեւ։ Սակայն Իսրայելի վարչապետ էհուդ Օլմերթը ասել է, թե որեւե կապ չկա այդ երկու խնդիրների միջեւ։

Հինգ հանրապետականներից եւ հինգ դեմոկրատներից բաղկացած եկկուսակցական հանձանժողովը իր զեկույցում եզրահանգել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը մինչեւ այս տարվա վերջը պետք է Իրաքի ապագային առնչվող բանակցություններում ներգրավի Սիրային, Իրանին եւ ապստամբ ուժերի ղեկավարներին։ Հեռուստատեսային հարցազրույցներում բազմաթիվ իրանցիներ դրականորեն են արձագանքել Իրանի ներգրավման առաջարկին։

Բեռլինում Գերմանիայի արտգործ նախարար Ֆրանկ Վալթեր Սթեյնմեյերը հայտնել է, թե ծրագրում է պարզել, թե Բեյքերի հանձնաժողովի ո՞ր առաջարկություններին է հետեւելու ԱՄՆ-ի կառավարությունը։

Հինգշաբթի երկկուսակցական հանձնաժողովը Իրաքի կացության գնահատականների, երկրում կայունության հաստատման, ինչպես նաեւ ամերիկյան զինուժի դուրս բերման խնդիրների շուրջ 96 էջանոց իր զեկույցը ներկայացրել է ԱՄՆ-ի սենատի հանձնախմբի քննարկմանը։

Իրաքի պատերազմի ծախսերը մոտավորապես չորս տարվա ընթացքում կազմել են 400 միլիարդ դոլար, իսկ զոհված ամերիկացիների թիվը հասել է ավելի քան 2900-ի։ Պատերազմը սկսվելուց ի վեր զոհված իրաքցիների թիվը ենթադրվում է, որ հասնում է հարյուրավոր հազարների։

XS
SM
MD
LG