Նախագահ Բուշն ասում է, թե Իրաքի հաջողությունը կախված է բազմաթիվ այլ գործոնների հաջողությունից, այդ թվում ժողովրդավարական միասնությունից, ազգամիջյան եւ հատվածախմբերի հաշտությունից, կայուն կառավարությունից եւ Իրաքի արդյունավետ անվտանգության ուժերից։
Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի հետ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում այս շաբաթ նախագահ Բուշի բանակցությունները վատ սկիզբ ունեցան, երբ վարչապետը հապճեպ չեղյալ հայտարարեց իրենց միջեւ ծրագրված երկու հանդիպումներից առաջինը։
Սակայն վարչապետի հետ իր համատեղ ասուլիսում Ջորջ Բուշը պարոն Մալիքիին դրվատեց որպես համարձակ ղեկավարի.
՚՚ Առաջին բանը, որ ինձ վստահեցնում է, պարոն Մալիքիի պատասխանատվություն ստանձնելու ձգտումն է։ Ինձնից նրա դժգոհության պատճառներից մեկն այն է, որ իր կարծիքով ԱՄՆ-ը դանդաղում է Իրաքի ժողովրդին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել իրեն՚՚։
Սակայն Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրոււթյունների կենտրոնի վերլուծաբան Անտոնի Քորդեսմանի կարծիքով, Իրաքի անվտանգությունը պաշտպանելու պարտականություններն ԱՄՆ զինուժերից Իրաքի զինուժը մարզելուն փոխադրելը դժվարին խնդիր է.
՚՚Խնդրի լուծման գործում հավելյալ զինուժեր ներգրավելը լուծում չէ, եւ նույն կերպ էլ լուծում չէ Իրաքի զինուժերին մարզելու համար ոչ պատրաստ խմբերին ներգրավելը, քանի դեռ նրանց չենք կարող աջակցել քաղաքական փոխզիջմամբ, կառավարմամբ, կամ քրեական արդարադատության համակարգով՚՚։
Իրաքի զինուժերը կազմված են ազգային եւ հատվածախմբական հիմքով, որի հետեւանքով Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Նյումանը վստահ չէ, թե նրանց արդյո՞ք կարելի է վստահել երկրի անվտանգությունը.
՚՚Բանակն ամբողջովին կազմված է շիաներից եւ քրդերից։ Եթե նրանք մտնեն սունների թաղամասեր, ապա մարդիկ կընդդիմանան՚՚։
Ամմանում կայացած իրենց հանդիպման ժամանակ նախագահ Բուշն ու վարչապետ Մալիքին նաեւ քննարկեցին անվտանգությունն ապահովելու պարտականությունները փոխանցելու հարցը։
Պարոն Մալիքին Էյ-Բի-Սի հեռուստացանցին հայտնել է, թե Իրաքի զինուժերը երկրի անտանգությունն ապահովելու վերահսկողությունն ամբողջովին ստանձնելուն պատրաստ կլինեն ստանձնելու մինչեւ 2007 թվականի հունիսը։