Միացյալ Նահանգները հանձնառու է Միջին Ասիայի երկրներին օգնելու, որպեսզի զարգանան տնտեսապես եւ քաղաքականապես:
Հարավային եւ Միջին Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերով Միացյալ Նահանգների արտգործնախարարի օգնականի տեղակալ Էվան Ֆայգենբաումն ասում է, թե Ամերիկայի նպատակն այդ երկրների զարգացմանն աջակցելն է, որպեսզի դառնան ամբողջովին ինքնիշխան, կայուն, ժողովրդավական երկրներ եւ սերտաճեն համաշխարհային տնտեսությանն ու համագործակցեն ինչպես միմյանց՝ այնպես էլ Միացյալ Նահանգների եւ նրա գործակիցների հետ, տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը զարգացնելու նպատակով:
Սակայն, Միջին Ասիայի ոչ բոլոր երկրներն են հետամուտ իրենց հարստությունն ավելացնելուն եւ զարգացման հնարավորություններն ընդլայնելուն: Ուզբեկստանն այդպիսի օրինակ է։ Որպես Միջին Ասիայի ամենամեծ բնակչությունն ունեցող երկիր, որը գտնվում է առեւտրի պատմական ճանապարհների խաչմերուկում եւ ունի աշխատուժի ու բնական հարստությունների նշանակալից աղբյուր, Ուզբեկստանն այդ տարածաշրջանում պետք է լինի առաջատար երկիր:
Սակայն երկրի կառավարական զինուժի կողմից 2005 թվականի մայիսին Անդիջանում հարյուրավոր քաղաքացիների սպանությունն ու մարդու իրավունքների ոտնահարման կացությունն Ուզբեկստանին միայն մեկուսացրել է միջազգային համայնքից: Քաղաքական բարեփոխումների բացակայության պատճառով կացությունը երկրում բարդացել է առեւտրի եւ ներդրումների խոչընդոտներից:
Օրինակ, տնտեսական զարգացման համար խիստ անհրաժեշտ է երկրում հաստատել օրենքի գերակայություն։ Պարոն Ֆայգենբաումն ասել է, թե երկարաժամկետ առումով ոչ մի ընկերություն ներդրում չի անի մի երկրում, ուր բացակայում է օրենքի գերակայությունը, ուր չի հարգվում կապալառուական գործարքների կնքումը, եւ որեւէ ընկերություն չունի խնդիրը լուծելու իրավական որոշակի միջոցներ՝ կապալառուական պայմանագրի շուրջ բանավեճ ծագելու դեպքում:
Պարոն Ֆայգենբաումն ասել է, թե օրենքի գերակայությունը կայուն եւ բարգավաճ տնտեսության նախապայման է, որից Ուզբեկստանն անմիջականորեն օգուտ կքաղի:
Միաժամանակ, ամերիկյան ընկերությունները շարունակում են դիմակայել մեծ խոչընդոտներ Ուզբեկստանում, որոնց թվում են այդ ընկերությունների ապրանքները ներմուծելիս դրանցից բարձր տուրքեր գանձելը, ամերիկյան ընկերություններին Ուզբեկստանում աշխատելու արտոնագիր շնորհելիս դրանց գործունեությունը սահմանափակող պահանջներն ու օրենքի կամայական գործադրումը:
Այս ամենից թերեւս չի օգտվի ուզբեկ ժողովուրդը: Այսպիսի պայմանները խրտնեցնում են ամերիկյան եւ օտարերկրյա այլ ներդրողների: Ամերիկյան ապրանքների արտահանման ծավալը Ուզբեկստան 2005 թվականին նվազեց 65 տոկոսով՝ 2004 թվականի համեմատությամբ: Առեւտրի բնագավառում արգելքներ ստեղծելով Ուզբեկստանի կառավարությունն իր ժողովրդին մերժում է օգտվել տնտեսությունը ծավալելու հնարավորությունից:
ԱՄՆ արտգործնախարարի օգնականի տեղակալ պարոն Ֆայգենբաումն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հույս տածել, որ Ուզբեկստանի կառավարությունը կհրաժարվի իր ներկայիս ուղուց եւ ռազմավարական ընտրություն կկատարի բարեփոխումների ու գործակցության օգտին: