Մատչելի հղումներ

Լիբանանում հաստատված հրադադարը պահպանվում է...


Իսրայելը եւ Հեզբոլահը պահպանել են ՄԱԿ-ի միջնորդությամբ անցնող երկուշաբթի առավոտյան հաստատված հրադադարը։ Երկու կողմերը սպասում են միջազգային խաղաղապահ զինուժի ժամանելուն Լիբանան։

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն անցնող երկուշաբթի հանդիպեցին Իսրայելի եւ Լիբանանի բանակի պաշտոնատարների հետ, Իսրայելի կողմից վերահսկվող Լիբանանի տարածքը միջազգային խաղաղապահ զինուժին փոխանցելու հարցը քննարկելու համար։ Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ալվարո Դե Սոտոն ասում է, թե միջազգային խաղաղապահները կժամանեն Լիբանան մի քանի օրից։

Նյու Յորք ում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանն ասել է, թե ինչպես երեւում է, Իսրայելի ու Հեզբոլահի միջեւ հրադադարը պահպանվում է։ Նա երկու կողմերին հորդորել է հրադադարը դարձնել մշտական.

՚՚Աշխարհում միլիոնավոր անձինք խաղաղության իրենց հույսը կապել են այս համաձայնագրի կենսագործման հետ։ Կողմերից եւ ոչ մեկը չպետք է ունենա նրանց հուսախաբ անելու որեւէ պատճառ, ու կողմերից մեկն այդպես վարվելու դեպքում թանկ կվճարի միջազգային համայնքի կարծիքի տեսանկյունից՚՚։

Հաշվումների համաձայն, Լիբանանի բնակչության մեկ քառորդը փախել է մարտերի հետեւանքով։ Նրանցից շատերը խճողել են ճանապարհները, մինչ փորձում են վերադառնալ տուն։

Որոշ ընտանիքներ, ովքեր ապաստանել էին Բեյրութի հասարակական զբոսայգիներում, իրենց տներից զրկվել են ռմբակոծութունից դրանց ավերվելու հետեւանքով։ Այս կինը հարցրել է, ՚՚ու՞ր ենք գնալու՚՚։ Նա ասում է, թե ինքն ու իր բոլոր հարեւաններն ընտանիքներ ունեն, ուր կան առնվազն յոթ երեխաներ։

Լիբանանի տվյալներով, հակամարտության հետեւանքով զոհվել են հազարից ավելի անձինք, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են։ Տիր քաղաքի բնակիչները հրադադարը տոնեցին որպես Հեզբոլահի եւ Լիբանանի հաղթանակ։

Հեզբոլահի ղեկավար Շեյխ Հասան Նասրալահն ասել է, թե իր խումբն Իսրայելի դեմ տարել է ՚՚ռազմավարական, պատմական հաղթանակ՚՚։ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթն իր երկրի խորհդարանին ասել է, թե հրադադարը վերջ կդնի Լիբանանի տարածքում Հեզբոլահի՝ ՚՚պետություն՝ պետության մեջ՚՚ կարգավիճակին։

Պարոն Օլմերթն ասել է, թե Իսրայելը կշարունակի հետապնդել Հեզբոլահին, ուր էլ որ այն գտնվի։ Իսրայելը հայտարարել է, թե կպահպանի Լիբանանում գրաված իր բոլոր դիրքերը եւ կշարունակի օդից եւ ծովից նրա շրջափակումը, մինչեւ միջազգային մի համակարգ հաստատվի Հեզբոլահին զենքի առաքումները կանխելու համար։

Իսկ հյուսիսային Իսրայելում շաբաթներ տեւած Հեզբոլահի հրթիռակոծութունից տուժած անձինք գոհունակություն հայտնեցին հրադադարի առնչությամբ։ Թել Ավիվում վրաններից բաղկացած այս ժամանակավոր քաղաքում ապրողներն անցնող երկուշաբթի ժամանակ գտան հեռախոսազանգելու իրենց ընտանիքի անդամներին։

Իսրայելի պաշտոնատարներն ասել են, թե կռիվների ընթացքում սպանվել են Իսրայելի 39 խաղաղ բնակիչներ եւ 109 զինվորներ։ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե հակամարտությունը սկսվեց Հեզբոլահի եւ նրա աջակիցների մեղքով.

՚՚Հեզբոլահի ահաբեկիչներն Իսրայելի պատասխանից պաշտպանվելու նպատակով Լիբանանի քաղաքացիական բնակչությանն օգտագործեցին որպես վահան՝ զոհաբերելով անմեղ մարդկանց։ Լիբանանի ժողովրդի տառապանքի համար նաեւ պատասխանատու են Հեզբոլահին աջակցող երկրները, Իրանն ու Սիրիան՚՚։

Միաժամանակ, Բեյրութում սկսվել են մաքրման աշխատանքներ։ Օգնություն հասցնող միջազգային խմբերը Լիբանանում փորձում են անօթեւան մարդկանց օգնել, մինչ Բեյրութի օդանավակայանում բեռնաթափվում են օգնության նոր պաշարներ։

XS
SM
MD
LG