Մինչ Իսրայելի ռազմական օդանավերը շարունակում են ռմբակոծել Լիբանանի տարածքը, իսկ Հեզբոլահը հրթիռակոծում է Իսրայելի հյուսիսային մասը, հազարավոր օտարերկրացիներ փախչում են Լիբանանից։
Իսրայելի մարտական օդանավերը Լիբանանում հարվածել են մի քանի թիրախների, որոնց թվում է Բեյրութի մերձակայքում ռազմական մի ճամբար, ուր Լիբանանի բանակի պաշտոնատարներն ասում են, թե զոհվել են առնվազն 11 զինվորներ։
Իսրայելի օդանավերը նաեւ ռմբակոծել են Լիբանանի հյուսիսային եւ հարավային մասերում այլ թիրախներ ու նաեւ Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հեզբոլահի պատվարներից մեկը։ Ալի Ամարը Հեզբոլահի օրենսդիրներից է.
՚՚Ես ասում եմ, որ չնայած այս ամբողջ ավերածությանը, որ տեսնում եք, միջազգային կույր համայնքն ու Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հիմար վարչակազմները չեն կարող մեզ հարկադրել որպեսզի դադարեցնենք մեր պայքարը՚՚։
Իսրայելի Նահարիյա քաղաքի դեմ Հեզբոլահի հրթիռային հարձակումներից մեկի հետեւանքով սպանվել է մեկ անձ։ Մեկ այլ հրթիռ հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքին, սակայն զոհեր չեղան։ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե մինչ Իսրայելին պետք է թույլատրվի պաշտպանվել, Թել Ավիվը պետք վստահանա, որ Լիբանանի կառավարությունը չի փլուզվի.
՚՚Չափազանց կարեւոր է, որպեսզի Լիբանանի կառավարությունը հաջողության հասնի եւ գոյատեւի։ Սակայն մենք, բոլորս գարշում ենք անմեղ կյանքերի կորստից։ Մյուս կողմից, ըմբռնում ենք, որ խնդիրը Հեզբոլահն է եւ այն պետք է լուծվի՚՚։
Եգիպտոսի արտաքին գործոց նախարար Ահմեդ Աբուլ Ղայթն ու ԱՄՆ արտգոծնախարար Կոնդոլիզա Ռայսը հանդիպել են արտաքին գործոց նախարարությունում, մարտերը դադարեցնելու ջանքերը քննարկելու համար.
՚՚Հրադադարը հրամայական է, եւ պետք է շարունակենք աշխատել այդ նպատակին հասնելու համար։ Մենք պետք է դրան վերջ դնենք հնարավորինս շուտ՚՚։ Իսկ Կոնդոլիզա Ռայսն ասել է.
՚՚Մենք պետք է վստահ լինենք, որ ինչ էլ որ անելու լինենք, լինելու է կայուն արժեքի։ Մերձավոր Արեւելքն անցել է բռնարարքային բազմաթիվ պոռթկումների միջով եւ մենք պետք է լուծենք դրա պատճառները, որպեսզի այնտեղ կարողանանք ստեղծել կայուն պայմաններ քաղաքական առաջընթացի համար՚՚։
ՄԱԿ-ի մի դիվանագետ ասել է, թե ՄԱԿ-ի պատվիրակություններից մեկն Իսրայելին ներկայացրել է բռնարարքներին վերջ դնելու մասին որոշակի ծրագիր, սակայն նա չի մանրամասնել։
Միաժամանակ, բոլոր օտարերկրացիները շարունակում են փախչել Լիբանանից։ Այս կանադացին այցելել էր իր հարազատներին.
՚՚Մենք հենց այժմ հարկադրված ենք Սիրիայի տարածքով հեռանալ դեպի Քուվեյթ, ուր հայրս աշխատում է։ Հենց այս պահին հեռանում ենք, եւ փորձում ենք ստանալ Քուվեյթ մուտքի թույտվություն։ Մենք Քուվեյթում սպասելու ենք մինչեւ այս ամենն ավարտվի՚՚։
Այլ անձինք հեռանում են նավերով։ Ազցգութամբ այս հույներն ու շվեդացիները ժամանել են Բեյրութի նավահանգիստը ավտոբուսներով։