Մատչելի հղումներ

Պատերազմ, որը զոհվածներից եւ ոչ մեկը չէր ցանկանում...


Լիբանանում, Գազայի գոտում սկսված ավերածությունը եւ Իսրայելի տարածքում կատարվող հրթիռակոծումներն անասելի վիշտ ու դժբախտություն են բերել բոլոր կողմերի շարքային քաղաքացիներին։

՚՚Հեզբոլահ՚՚ -ի հրթիռներից մեկը հարվածեց Իսրայելի Նահարիյա քաղաքի բազմաբնակարանոց շենքերից մեկի վեցերորդ հարկին։ Հրթիռակոծության հետեւանքով զոհվեց դրա ներքեւի պատշգամբում նստած մի կին։

Մեկ այլ հրթիռ հարվածեց քաղաքի մեկ ուրիշ մասի, որը շեշտեց պատահականության դերն այն խնդրում, թե ով է մահանելու, եւ կամ ով է ապրելու։ Իսրայելացի մի տղամարդ ասում է.

՚՚Աշխատում եմ այստեղ, գրասենյակում։ Ես երջանիկ էի, որ աշխատանքս պետք է սկսեի ժամը իննին եւ որ ժամը 7-ն անց տասնհինգ էր, երբ հրթիռրը պայթեց այստեղ. սա իմ գրասեղանն է։ Անշուշտ, եթե նստած լինեի այստեղ, չգիտեմ, թե արդյո՞ք կենդանի կմնայի՚՚։

Տեղեկագրությունների համաձայն, այս նորածինը Գազայի գոտում Պաղեստինյան արտաքին գործոց նախարարության շենքի դեմ Իսրայելի հարձակման հետեւանքով ապակու թռչող կտորներից վիրավորված վեց երեխաներից մեկն է։

Իսրայելում, Նահարիյայի հիվանդանոցի 460 հիվանդների փոխադրեցին նկուղային հարկում գտնվող ապաստարաններից մեկը, ուր մայրերից մեկը սարսափով է նկարագրում նման պայմաններում ծննդաբերությունը։

Լիբանանում զբոսաշրջիկների սիրած տեսարժան վայրերը դատարկվել են։ Արաբական հարեւան պետություններից հանգստացողներն արագորեն փախել են մի ճանապարհով, որն Իսրայելն ավելի ուշ ավերեց։ Բեյրութի օդանավակայանի դեմ օդային հարձակումների հետեւանքով ծուղակվել են հազարավոր ուղեւորներ։ Մի տղամարդ ասում է.

՚՚Մեկնելու էի Փարիզ, սակայն բոլոր թռիչքները չեղյալ հայտարարվեցին ռմբակոծության հետեւանքով՚՚։

Լիբանանում կամ Իսրայելում հարազատներ ունեցող ամերիկացիներն անհանգստանում են նրանց անվտանգության համար։ Լոբնա Ֆաքիհը մանկաբույժ է Միչիգանի Դեթրոյթ քաղաքում։ Նրա ամուսինն ու երեք որդիները ծուղակվել են Լիբանանում.

՚՚Դիտում եմ այդ պատկերները եւ սիրտս նվաղում է, սակայն պետք է շարունակեմ գործել եւ փորձեմ հասկանալ, թե այստեղից ի՞նչ կարող եմ անել, որպեսզի նրանց օգնեմ տուն վերադառնալ՚։

Դեթրոյթի մեկ այլ բնակիչ, Ռիչարդ Քոհենը նույնչափ մտահոգ է իսրայելացիների՛ համար.

՚՚Կարող եմ միայն պատկերացնել, որ իսրայելացիները չափազանց մտահոգ են, թե դեպքերն ապագայում ուր կարող են տանել։ Նրանցից շատերին հարկադրում են գնալ ռմբապաստարաններ եւ նրանք ականատես են եղել, թե հրթիռներն ինչպես են պայթել իրենց քաղաքների տարբեր թաղամասերում՚՚։

Հակամարտության բոլոր կողմերում սգացող անձինք այժմ թաղում են զոհված իրենց հարազատներին, ովքեր կյանքից հեռացան պատերազմի հետեւանքով, որը նրանցից եւ ոչ մեկը չէր ցանկանում։ Մի տղամարդ ասում է.

՚՚Դժբախտաբար, միշտ քաղաքացիական բնակչությու՛նն է ծուղակվում պատերազմական գոտում, որի հետ նրանք ոչ մի կապ չունեն՚՚։

Պարզվեց, որ այս մասին արտահայտվողը հարավային Լիբանանի բնակիչներից է։ Սակայն նման ձեւով կարող էր արտահայտվել որեւէ իսրայելացի, կամ պաղեստինյան բնակիչ։

XS
SM
MD
LG