Մատչելի հղումներ

Իրաքից ամերիկյան զինուժը դուրս բերելու ժամանակացու՞յց...


՚՚Է-Բի-Սի՚՚ լուրերի ծրագրի եւ ՚՚Վաշինգտոն Փոստ՚՚-ի կողմից ամերիկացիների շրջանում վերջերս կատարված հարցախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիների 51 տոկոսն ընդդիմանում է Իրաքից ամերիկյան զինուժը դուրս բերելու ժամանակացույց նշանակելուն։

Անցնող երկուշաբթի Սպիտակ Տանն ամերիկյան բանակին աջակցող կազմակերպությունների հետ հանդիպումից հետո, նախագահ Բուշն Իրաքում հաղթանակը սահմանեց որպես ազատ կառավարություն, որն ունակ է գոյատեւելու եւ իրեն պաշտպանելու, որը նաեւ դաշնակից կլինի ահաբեկչության դեմ պատերազմում։

Նա ասում է, թե Իրաքում Միացյալ Նահանգների հրամանատար, գեներալ Ջորջ Քեյսին եւ բանակի ավագ այլ պաշտոնատարներ որոշում կկայացնեն զինուժի թվաքանակի շուրջ.

՚՚Այնտեղ, մեր զինուժի ներկայության առումով, դրա շուրջ որոշումը կկայացվի գեներալ Քեյսիի ինչպես նաեւ Իրաքի ինքնիշխան կառավարության կողմից, որը կախված կլինի այդ երկրում կացությունից։ Գեներալ Քեյսին ինձ այլ հարցերի թվում նաեւ հավաստիացրել է, որ ինչպիսի հաձնարարական էլ ներկայացնի՝ այն ուղղված կլինի հաղթկանակի հասնելուն։ Եւ մենք հենց այդ էլ ցանկանում ենք՚՚։

Գեներալ Քեյսիի ծրագիրն ամերիկյան զինուժի թվաքանակն Իրաքում նվազեցնելն է յոթ հազարով, 127-ից 120 հազարի։ Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն ասում է, թե այդ թվաքանակը կարղ է փոխվել.

Քեյսի. ՚՚Մենք միշտ ասել ենք, որ ժամանակի ընթացքում զինուժի թվաքանակն աստիճանաբար կնվազեցնենք, երբ Իրաքի անվտանգության ուժերը ստանձնեն ավելի ու ավելի մեծ դեր՚՚։

Ռամսֆելդ. ՚՚Ես կավելացնեի նաեւ այլ բան. դա ամենայն հավանականությամբ չի լինի թվաքանակի անշեղ նվազեցում, դա թերեւս կլինի նվազեցում՝ հետագա ավելացմամբ՚՚։

Դեմոկրատական կուսակցության որոշ թվով անդամներ ասում են, որ գեներալ Քեյսիի ծրագիրը նման է իրենց առաջարկածին, որն անցյալ շաբաթ մերժվեց կոնգրեսում՝ հիմնականում հանրապետականների կողմից։ Սենատոր Ռաս Ֆայնգոլդը փաստարկել է, որ ժամանակացույց նշանակելը լավագույն ուղին է Իրաքի եւ ամերիկյան ժողովրդին տեղյակ պահելու, թե ինչ կարող են ակնկալել.

՚՚Դա՛ է միջոցը կենտրոնանալու Իրաքում գործընթացի նկատմամբ վստահություն ունենալու, ահաբեկիչների դեմ ավելի լայնածավալ կռիվ մղելու եւ աշխարհի այն երկրների վրա, ուր անհաջողության ենք մատնվում։ Մենք անհաջողության ենք մատնվում Աֆղանստանում։ Այս առումով, մենք բավարար միջոցներ չունենք Ինդոնեզիայի եւ Մալայզիայի շրջանում։ Մենք ձախողվեցինք Սոմալիում։ Եւ փաստն այն է, որ Իրաքը քամում է մեր ուժը։ Կարծում եմ, գեներալ Քեյսին տեղյակ է այդ մասին՚՚։

Սակայն գեներալ Քեյսին ասում է, որ իրեն դուր չի գալիս զինուժը դուրս բերելու որոշակի ժամանակացույց նշանակելը.

՚՚Կարծում եմ, այն կսահմանափակի զինուժի ճկունությունը։ Դա թշնամուն կընձեռի ճշգրիտ ժամանակացույց։ Այն զարհուրելի ազդանշան կհղի Իրաքի նոր կառավարությանը, որը փորձում է ոտքի կանգնել՚՚։

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին երկրի խորհրդարանին հորդորել է ժամանակացույց հաստատել Իրաքի բանակի եւ ոստիկանության համար, որպեսզի ստանձնեն երկրում անվտանգությունը։ Նա այս մասին կոչն արել է որպես ազգային հաշտեցման ծրագրի մաս, որի թվում է ներում շնորհելն Իրաքի վերակառուցմանն օգնող ապստամբներին, ովքեր չեն մասնակցել հանցագործ եւ ահաբեկչական գործունեությանը։

Սակայն Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին չի նշել իր երկրից ամերիկյան զինուժը դուրս բերելու ժամանակացույցի մասին։

XS
SM
MD
LG