Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներ-Իրան-հասարակական դիվանագիտություն


Տասնյակ տարիներ է, ինչ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ չկա պաշտոնական դիվանագիտական հարաբերություն, որի հետեւանքով չկա նաեւ շփում երկու ժողովուրդների միջեւ։ Սակայն նախագահ Բուշի վարչակազմը իրանցիների հետ ջանում է հարաբերություններ հաստատել մի նոր, բայց վիճահարույց ձեւով։

Բանավեճը սաստկանում է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին ասել է.

՚՚ Իրանին թույլ չենք տա ունենալու միջուկային զենք՚՚։

Իրանի Ազգային Գերագույն խորհրդի փոխքարտուղար Ջավադ Վաէդին իր հերթին պատասխանել է.

՚՚Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է ընտրել այդ ուղին, թող այդպես լինի՚՚։

Մինչ երկկողմ լարվածությունը հարաճունորեն ավելանում է, Միացյալ Նահանգների արտգոծնախարար Կոնդոլիզա Ռայսը վերջերս երկրի Կոնգրեսին բացատրեց թե նախագահ Բուշի վարչակազմն ի՛նչ քայլերէ ձեռնարկում Իրանի ժողովրդի հետ շփումներ հաստատելու համար.

՚՚Մենք նաեւ առաջարկել ենք, որ կաջակցենք ոչ-կառավարական կազմակերպություններին, որոնք կարղ են գործել Իրանում եւ ամենակարեւորը, կբարելավենք եւ կավելացնենք կրթական եւ մշակութային մեր օգնությունը Իրանի ժողովրդին՚՚։

Սա մաս է կազմում մի ծրագրի, որը Բուշի վարչակազմը կոչում է ՚՚ժողովրդավարության կառուցում՚՚։ Արտաքին գործոց նախարարությունը խնդրել է հավելյալ 15 միլիոն դոլար, իրանցիների քաղաքացիական եւ ոչ-կառավարական խմբերին այս տարի օգնելու համար։ Այս մասին լուրը ողջունել են բազմաթիվ անձինք, ովքեր աշխատում են ամերիկյան նման կազմակերպություներում.

՚՚Սա դրական երեւույթ է, քանի որ կարեւոր է Իրանին ներգրավելու համար՚՚։

՚՚Միջազգային Ներում՚՚ կազմակերպության աշխատակից Զահիր Ջանմոհամեդը, ով Մերձավոր արեւելքում մարդու իրավապաշտպան ծրագրերի ղեկավարն է, նախազգուշացնում է, որ Իրանը հատկապես վտանգավոր երկիր է ամերիկյան խմբերի աշխատելու համար.

՚Իրանում արդե՛ն իսկ առկա է մի այնպիսի մթնոլորտ, ուր այլակարծություն, կամ Իրանի կառավարության տեսակետից տարբեր կարծիք արտահայտող անձինք խոցելի են՚՚։

Նա ասում է, թե Իրան մտցվող ամերիկյան դրամական օգնությունը կարող է իրանցիների կյանքը դնել վտանգի մեջ.

՚՚Ամերիկյան դրամական օգնությունն ինձ մտահոգում է, որը կստեղծի կասկածի մթնոլորտ. հայտնի է, որ Իրանի կառավարությունը մահապատժի է ենթարկում մարդկանց, եւ նման օգնություն ստանալը կհամարի դավաճանություն, եւ արտաքին աղբյուրների հետ դավադրություն՚՚։

՚՚Եթե պարզվի, որ Միացյալ Նահանգներն օգնում է որոշակի անձանց, կամ խմբերի, հատկապես այս պահին, դա կարող է այդ անձանց եւ կազմակերպություններին է՛լ ավելի մեծ չափով վտանգել՚՚։

Սակայն Մերձավոր արեւելքի ինստիտուտի աշխատակից Ջոն Կալաբրիսն այն կարծիքին է, որ իրանցիների հետ Միացյալ Նահանգների ավելի սերտ կապն ընդհանրապես լավ գաղափար է.

՚՚Առողջ եւ կարեւոր խնդիր է մշակութային բազմաթիվ, երկարատեւ փոխհարաբերություններ ունենալը։ Այդ կամուրջներն անփոխարինելի են։ Դրանք ներկայումս պտուղ չտալու դեպքում, օգտակար կլինեն հետագայում՚՚։

Միացյալ Նահանգների կառավարության նպատակը բարեկամության կամուրջներով Իրանի կառավարությանը շրջանցելն է, որին ցանկանում է մեկուսացնել. Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն այս մասին ասել է,

՚՚Մեզ համար Իրանի ժողովրդին մեկուսացնելուց խուսափելուց ավելի կարեւոր բան չկա, եւ այս ծրագրերը որոշ իմաստով կարեւոր են այդ քայլից խուսափելու համար՚՚։

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն արդե՛ն իսկ դիմումներ է ընդունում ոչ-կառավարական կազմակերպություններից եւ անհատ քաղաքացիներից, ովքեր հետաքրքրված են Միացյալ Նահանգներից ձեռք բերելու ֆինանսական միջոցներ, Իրանի ժողովրդի հետ աշխատելու համար։

Դրանց թվում կարող են լինել տարագրության մեջ գտնվող Իրանի համայնքի հատվածախմբեր, որոնք խորը տարակարծությունների մեջ են. Պարոն Կալաբրիսը մտահոգ է, որ եթե իրանցիներին թվա, թե ծրագիրը ղեկավարում է հատվածախմբերից մեկը, ապա չեն ցանկանա օգնություն ընդունել Միացյալ Նահանգներից եւ Իրանի կառավարությունը կշահի դրանից.

՚՚Նրանք ոչ միայն ավելի կզգուշանան, քան այլ դեպքում կլինեին, այլեւ դա կշահարկվի Իրանի վարչակարգի ու նրա աջակիցների կողմից՝ մեր ամբողջ կատարած աշխատանքը սեւացնելու համար՚՚։

Ժողովրդավարություն կառուցելու ծրագիրն իրանցիների հետ հաղորդակցվելու Միացյալ Նահանգների ավելի լայն ջանքի մաս է կազմում։ Արտգործնախարարությունը մայրաքաղաք Վաշինգտոնի իր կենտրոնատեղիում նաեւ ստեղծում է նոր բյուրո, եւ ծրագրում է հեռուստատեսային հաղորդումներն ավելացնել այդ տարածաշրջանում։

XS
SM
MD
LG