Մատչելի հղումներ

Թռչնագրիպի վտանգը


Մինչ թռչնագրիպի սպառնալիքը տարածվում է ամբողջ աշխարհում, գիտնականներին մտահոգում է այն հարցը, թե արդյո՞ք թռչնագրիպի մանրեն կարող է վերափոխվելով թռչուններից անցնել մարդկանց, եւ եթե այո, ապա դա ե՞րբ տեղի կունենա։

Թռչնագրիպն արդեն տարածվել է աշխարհի ավելի քան քառասուն երկրներում եւ առողջապահական ծառայությունները պայքարում են դրա է՛լ ավելի տարածման դեմ։ Մինչ այժմ թռչնագրիպով վարակվել է մոտ երկու հարյուր մարդ, որոնց մոտ կեսն արդեն մահացել է։ Նրանք վարակվել են տարբեր թռչունների հետ շփման պատճառով։ Այս հիվանդության դեպքում մարդիկ չեն վարակում այլ մարդկանց։

Դոկտոր Ռոբերտ Ուեբսթըրը Մեմֆիս քաղաքում գտնվող իր լաբորատորիայում ուսումնասիրում է հիվանդության մանրէները։ Նրա խոսքերով, փոքր չէ հնարավորությունը, որ դրանք, վերափոխվելով, տարածվեն նաեւ մարդկանց միջոցով։

Եթե իրոք մարդիկ վարակվեն մարդկանցից, համաճարակը շատ ավելի արագ կտարածվի աշխարհում։ Դոկտոր Ուեբսթըրն ասում է.

՛՛Չեմ կարող ընդունել այն միտքը, որ հիվանդությանը զոհ կգնա երկրագնդի բնակչության 5Օ տոկոսը։ Սակայն պետք է պատրաստ լինենք։ Ցավում եմ մարդկանց սարսափեցնելու համար, բայց դա իմ պարտքն է՝՝։

Զինված ուժերի բժշկական հետազոտությունների հաստատության աշխատակից Ջեֆրի Թոբենբերգերը հիշեցնում է 1918 թվականի պատմական սարսափելի նախադեպի մասին.

՛՛Կա վտանգ, որ ներկայիս թռչնագրիպի մանրէն կարող է այնպես զարգանալ, ինչպես տեղի ունեցավ 1918 թվականին՝՝։

Թոբենբերգերի ղեկավարած հետազոտողների խումբը կոդավորել է այդ մանրէն եւ պարզել, որ այն թռչնի մանրէի ձեւափոխված տեսակն է։ Նրա խոսքերով, այսօրվա Էյչ5 Էն1 մանրէն 1918 թվականի մանրէի հետ շատ նմանություններ ունի.

՛՛Էյչ5 տիպի մանրէները, հատկապես վերջին տեսակները, ունեն փոփոխվելու ունակության նմանություններ, ինչը նրանց թույլ կտա ավելի հեշտությամբ հարմարվել մարդու օրգանիզմում։ Սա է ամենամտահոգիչ հանգամանքը մեզ համար՝՝։

Ոչ ոք չգիտի, թե մարդուց մարդ անցնելու համար, քանի փոփոխություն պիտի կրի այս մանրէն, թե երբ դա կպատահի եւ ամենակարեւոր հարցը. Կպատահի՞ այն արդյոք։

Բժիշկ Էնն Մոսքոնան որոնում է նոր տեսակի հակամանրէ, որը կարողանար կանխել կամ դանդաղեցնել մարդուց մարդ անցնող թռչնագրիպի տարածման արագությունը։ Նրա կարծիքով, եթե հիվանդությունը սկսի տարածվել մարդկանց միջոցով, դրա դեմ պայքարն արդեն անհնար կլինի։

Այդ պատճառով են գիտնականներն աշխատում օր ու գիշեր։ Չնայած լավատեսական հույսերին, հարկավոր է պատրաստ լինել վատթարագույնին։

XS
SM
MD
LG