Ավստրիայի Վիեննա քաղաքում Իրանը հրաժարվել է ՝ միջուկային զենքերի տարածմանը հետեւող ՄԱԿ-ի գործակալությանը միջուկային իր ծրագրի մասին մանրամասնություններ դրսեւորելու պարտավորությունից։ Նախապես Իրանը հայտարարել էր, թե Հունվարի 9ին կվերսկսի միջուկային վառելանյութի հետազոտության աշխատանքները։
Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարեց, որ Թեհրանի ներկայացուցիչները չեն մասնակցել միջուկային ծրագրերի շուրջ քննարկումներին։ Գործակալության ղեկավար Մուհամեդ Էլ Բարադեյը սպասում է հստակ պատասխանի, թե արդյոք ըստ նախնական հայտարարությունների, հունվարի 9ին Թեհրանը կվերսկսի միջուկային հարստացման ծրագիրը։
Ամերիկյան Էյ Բի Սի հեռուստակայանին Իրանի միջուկային հարցերով բանակցային խմբի ղեկավար Ալի Լարիջանին ասել է, թե իր երկիրն ունի ուրանը հարստացնելու իրավունք։ Իսկ դա միջուկային զենք արտադրելու գլխավոր պայմանն է։ Նա ասել է.
՝՝Մենք կընդունենք եւ թույլ կտանք, որ որեւէ երկիր օգնի տեխնիկական եւ գիտական հարցերում։ Մենք կտանք դրա համար լայն հնարավորություններ՝՝։
ԱՄՆ-ին եւ Եվրոպական միությանը շարունակում է մտահոգել այն հարցը, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր նպատակը միջուկային զենք ստանալն է։ Ինչպես ԱՄՆ-ի Արտգործնախարարության խոսնակ Շոն Մաքքորմաքն է ասել.
՛՛Եթե Իրանը վերսկսի ուրանի հարստացման գործողություններ, միջազգային համայնքը ստիպված կլինի գործի դնել հավելյալ միջոցներ՝ Իրանի կրքերը զսպելու համար՝՝։
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պնդում է, որ արեւմտյան երկրները չունեն Խաղաղ նպատակների համար Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրերը խանգարելու իրավունք։ Նա ասել է.
՛՛Ո՞ր օրենքի համաձայն են ԱՄՆ-ը ու Եվրոպական միությունը պնդում, թե Իրանը չունի խաղաղ նպատակների համար միջուկային տեխնոլոգիա օգտագործելու իրավունք՝՝։
Իսկ բրիտանական ՛՛Գարդիըն՝՝ օրաթերթի մի հոդվածի համաձայն, հետախուզական տվյալներով, Եվրոպայում ու նախկին Խորհրդային Միության երկրներում Իրանը փորձում է ձեռք բերել միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնոլոգիա եւ մասնագետներ։
Նույն թերթի համաձայն, փաստաթուղթը հայտնվեց, երբ արեւմուտքը զգաց, որ Իրանը չի ցանկանում հրաժարվել Բուշերի միջուկային կայանի համար վառելանյութ ստանալու իր ծրագրերից։
Իրանը օգոստոս ամսին վերսկսեց անմշակ ուրանը գազի վերածելու աշխատանքները։ Եւ Թեհրանի վերջին հայտարարությունը ոմանք համարում են հունվարի 18-ին եվրոպական երկրների հետ անցկացվելիք հանդիպումից առաջ իր դիրքերն ամրապնդելու փորձ։
ԱՄՆ-ը, չունենալով պաշտոնական հարաբերություններ Իրանի հետ, աջակցում է եվրոպական դիվանագիտական ջանքերը, միեւնույն ժամանակ վեր հանելով ՄԱԿ-ի կողմից հաստատված պատժամիջոցներ սկսելու հնարավորությունը։