Մատչելի հղումներ

Մամուլի ազատության այս տարվա պարգեւները


Լրագրողների պաշտպանության հանձնախումբ՚՚ կազմակերպությունը հայտարարել է իր կողմից շնորհվող պարգեւի արժանացած լրագրողների անունները։

Լրագրողների պաշտպանության հանձնախումբը հայտնել է, թե ներկայումս վտանգավոր ժամանակներ են։ Հանձնախմբի ղեկավարը, Էնն Քուփերն ասում է, թե որոշ երկրներում, ինչպես օրինակ, Իրաքում, Ռուսաստանում եւ Ֆիլիպիններում լրագրողները մեղադրվում են թշնամիների հետ համագործակցելու մեջ, ու հետապնդվում, առեւանգվում եւ սպանվում են։ Նա ասում է.

՚՚Ինձ համար զարմանալի է այս դեպքերի մասին լսելն ու ըմբռնելը, որ չնայած իրենց սպառնացող լուրջ վտանգներին, այս լրագրողներն այնուամենայնիվ ամեն որ կատարում են իրենց աշխատանքը՚՚։

Ուզբեկ զինվորներն այս տարվա մայիսին հրազենային կրակ բացեցին ցուցարարների վրա երկրի Անդիջան քաղաքում։

Լրագրող Գալիմա Բուխարբաեւան ցուցարարների հետ հարցազրույց էր անցկացնում երբ զինվորները սկսեցին կրակել։

Նա ասում է, թե հրազեններից արձակված գնդակներից մեկը հարվածեց իր թիկունքին կապված պայուսակին եւ ծակեց լրագրողի իր անցաթուղթը։ Ուզբեկստանի կառավարությունը հայտնել է, թե այդ ժամանակ սպանվել են 169 անձինք, սակայն լրատվական անկախ հաղորդումների համաձայն, Անդիջանի կոտորածի ժամանակ թերեւս սպանվել է մինչեւ հազար ցուցարար։ Իր կառավարության կողմից թշնամի որակված Գալինա Բուխարբաեւան երկրից փախավ եւ այժմ ապրում է Միացյալ Նահանգներում։

Նա ասում է, թե պարգեւի արժանանալն ամրապնդեց լրագրող լինելու իր պատճառները.

՚՚Հասարակությունը չի կարող զարգանալ առանց անկախ լրագրողի։ Ես այժմ լավ եմ հասկանում, քանի որ առանց անկողմնակալ հաղորդումների մարդիկ չեն կարող տեղեկանալ թե ինչ է կատարվում, ու եթե տեղեկություն չունենան, չեն կարող արձագանքել։ Այդ իսկ պատճառով եթե սա չանենք, ոչինչ չի փոխվի՚՚։

Սակայն Տյանանմենի հրապարակում կատարված կոտորածի տասնհինգամյա տարելիցին փոփոխությունների եւ քաղաքական բարեփոխությունների մասին գրելու համար չին լրագրող Շի Տաոն դատապարտվեց տասը տարվա ազատազրկման։ ՚՚Լրագրողների պաշտպանության հանձնախմբի՚՚ աշխատանքն Ասիական երկրներում համակարգող Էյբի Րայթն ասում է, թե լրագրի նախկին խմբագիրը ձերբակալվեց անցած տարի, ՚՚պետական գաղտնիքներն օտար երկրներին հայտնելու՚՚ մեղադրանքով։

Չինաստանն անցյալ տարի բանտ նետեց քառասուներկու լրագրողի, որոնց գրեթե հիսուն տոկոսին՝ Ինտերնետում հոդվածներ տեղադրելու համար։

Էյբի Րայթն ասում է, թե պարոն Շիի ձերբակալությունը վկայում է Ինտերնետում տեղեկատվությունը վերահսկելու Չինաստանի եռանդուն ջանքերի մասին։ Նա ասում է.

՚՚Նրանք ցանկանում են վայելել Ինտերնետի տնտեսական օգուտները, էլեկտրոնային փոստի միջոցով առեւտուրը, սակայն հստակորեն սարսափած են այն հեռանկարից, որ այն կխթանի անկախ մտածելակերպը, հաղորդումներն ու լրատվությունը երկրի բնակչության շրջանում՚՚։

Մամուլի ազատության այս տարվա պարգեւը նաեւ շնորհվել է Բրազիլական թերթի խմբագիր Լուսիո Ֆլավիո Պինտոյին, որը գրել է իր երկրի կառավարության կոռուպցիայի մասին, ինչպես եւ լրատվական միջոցների փաստաբան Բեատրիս Մթեւային, որը մամուլի ազատությունը պաշտպանում է Զիմբաբվեյում։

Հետմահու պարգ կհանձնվի նաեւ ՚՚Էյ-Բի-Սի լուրերի՚՚ հաղորդավար Փիթր Ջենինգսին, չորս տասնամյակ շարունակ կարեւոր իրադարձությունները մեկնաբանելու համար։

XS
SM
MD
LG