Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին ՚՚Ամերիկայի Ձայն՚՚-ի կենտրոնատեղիում կայացած մամլո ասուլիսում ասել է, թե ակնկալում է, որ երկրի սահմանադրության նախագիծը կհաստատվի քվեատուների կողմից։
՚՚Ամերիկայի Ձայն՚՚-ի կենտրոնատեղիում սեպտեմբերի իննին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իրաքի նախագահ Թալաբանին ասել է, թե այն կարծիքին է, որ երկրի սահմանադրությունը կհաստատվի հաջորդ ամիս կայանալիք հանրաքվեով։ Նա ասել է, թե սահմանադրությունը չհաստատվելու դեպքում կկայանան ազգային խորհրդարանի նոր ընտրություններ, որը կնախագծի մեկ այլ փաստաթուղթ։
՚՚Իրաքում տեղի չի ունենա քաղաքացիական պատերազմ։ Երկրում տեղի են ունենում երկխոսություններ, քննարկումներ, երբեմն արտահայտվում են տարբեր գաղափարներ, սակայն ի վերջո Իրաքի հասարակությունը համախմբված է՚՚։
Նախագահ Թալաբանին կրկնել է, որ աջակցում է դաշնադրային կառավարման գաղափարին։ Նա ասել է.
՚՚Այն անձինք, ովքեր դեմ են դաշնադրային կառավարմանը, հիմնականում Սադամ Հուսեյնի վարչակարգի մնացորդներն են՚՚։
Պարոն Թալաբանին քննադատել է արաբական լրատվական միջոցներին ասելով, թե ապստամբության մասին իրենց հաղորդելու ոճով աջակցում են ահաբեկիչներին։
՚՚Կանանց, երեխաներին, անմեղ մարդկանց սպանող ահաբեկիչներին նրանք նկարագրում են որպես ընդդիմության շարժման մարտիկների, որպես հերոսների, ովքեր պայքարում են Սիոնիզմի դեմ՚՚։
Նախագահ Թալաբանին, որն ազգությամբ քուրդ է, այն կարծիքին է, որ հաջորդ տարվա ընթացքում կմարզվեն Իրաքի նշանակալից թվով ոստիկաններ եւ անվտանգության ուժեր։ Իրաքի նախագահն այս շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է նախագահ Ջորջ Բուշի հետ ու ելույթ է ունենալու ՄԱԿ-ում։