Մատչելի հղումներ

Այովայի նահանգի գեղատեսիլ վայրերը համեմատվում են Եվրոպայի հետ։ 


Այովայի նահանգի Փելլա քաղաքում կարելի է գտնել Հոլանդիայի այնպիսի խորհրդանիշեր, ինչպիսիք հողմաղացներն ու փայտից կոշիկներն են։ Փելլա նշանակում է քաղաք-ապաստարան։ Այն հիմնվել է 1847 թվականին հոլանդացի վերաբնակների կողմից, ովքեր իրենց հետ բերել են իրենց մշակույթն ու ճաշատեսակները։ Այստեղ կլոր տարին կան վարդակակաչներ եւ այնպիսի ծաղիկներ, որոնք բնորոշ են Հոլանդիային։ Այստեղ կարող եք համտեսել երշիկի տարբեր տեսակներ։

Զբոսաշրջիկներին հատկապես հրապուրում են Փելլայի բոլոնիա տեսակի երշիկը եւ հոլանդական խմորեղենը։

Պատմական այս գյուղում կարելի է ականատես լինել Փելլայի առաջավոր անցյալին։ Փելլայի, ինչպես Այովայի նահանգի բազմաթիվ այլ քաղաքների ապագան պայմանավորված է ոչ միայն զբոսաշրջությամբ, այլ նաեւ մշակող արդյունաբերությամբ։ Այստեղ է գտնվում գյուղատնտեսական գործիքներ արտադրող Վերմիըրի գործարանը, ինչպես նաեւ բարձրորակ պատուհաններ պատրաստող Փելլա Վինդոու գործարանը։ Երկու գործարաններին կից կան թանգարաններ եւ ապրանքանմուշների ցուցասրահներ։

Փելլայից դեպի հյուսիս-արեւելք գտնվում է Այովայի նահանգի գրավչության ամենահանրահայտ վայրը՝ Ամանայի գաղութները։ Ամանան աշխարհում ամենաերկարամյա համայնքային հասարակություններից մեկն է։ Այն գոյատեւել է 90 տարի, մինչեւ 1932 թվականը։ Ամանան հաստատվել է 1800-ական թվականների կեսերին Ամերիկա ներգաղթած գերմանացի քրիստոնյաների կողմից։ Ամանա բառը վերցված է Աստվածաշնչից։ Ամանա նշանակում է ճշմարիտ հավատքը վառ պահել։ Այնտեղ եկեղեցին շարունակում է մնալ կյանքի կարեւոր մասը։ Սակայն այնտեղ գերիշխում է ոչ թե եկեղեցին, այլ զբոսաշրջությունը։

Ամեն տարի Ամանայի գաղութներ են այցելում մեկ ու կես միլիոն զբոսաշրջիկներ։ Այստեղ կան մոտավորապես 50 խանութներ, ուր վաճառվում են տեղաբնակների կողմից պատրաստված ապրանքներ՝ ժամացույցներ, կահույք, գինիներ, բրդյա գործվածքներ։

Գները բավականին մատչելի են։ Կան Ամանայի յոթ գյուղեր։

Ի զարմանս շատերի այստեղ են պատրաստվում Ամանա էլեկտրական սարքավորումները։ Մարդկանց զարմանք է պատճառում, որ այս գյուղական վայրում է գտնվում Ամանա տնային գործածության էլեկտրական սարքավորումների գործարանը։

Այցելուներին այստեղ չեն առաջարկվում գործարանային ուղեպտույտներ, սակայն ապրանքանմուշների ցուցասրահում կարելի է ծանոթանալ գործարանի կողմից արտադրվող սալօջախների, սառնարանների եւ տնային գործածության էլեկտրական այլ սարքավորումների տեսականուն եւ նույնիսկ դրանք գնել գործարանային գներով։

XS
SM
MD
LG