Մատչելի հղումներ

Իրանի ատոմակայանը խաղաղ նպատակներո՞վ


Իրանը մի խումբ լրագրողների տարել է իր ատոմակայանը տեսնելու, որպեսզի Միացյալ Նահանգներին եւ այլ երկրների ապացուցի, թե այն չի օգտագործվում միջուկային զենք պատրաստելու համար։

Հազար մեգավատ հզորության ռեակտորը գտնվում է Իրանի Բուշեհր նավահանգստային քաղաքում։ Ռեակտորի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականների կեսերին եւ մոտ է ավարտվելուն։ Այն նախագծվել եւ կառուցվել է ռուս ինժեներների կողմից, որի արժեքը կազմում է 800 միլիոն դոլար։ Միջուկային վառելանյութը նույնպես մատակարարվում է Ռուսաստանի կողմից։

Իրանը տարիներ շարունակ իր միջուկային գործունեությունը գաղտնի է պահել, եւ նրա ներկայիս քայլը զարմանք է պատճառում ԱՄՆ-ի պաշտոնատարներին։ Սպիտակ Տան մամլո քարտուղար Սքոտ Մըքլելանը պնդում է, թե լրագրողների շրջագայությունը չի փոխում կացությունը։

՚՚Քաղաքացիական ծրագրի անվան տակ Իրանը հետամուտ է միջուկային զենքերի ծրագրի, որը մտահոգիչ է՚՚։

Իրանը հայտնում է, թե մտադիր չէ պատրաստելու միջուկային զենքեր եւ որ ռեակտորը գտնվում է Ատմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։

ՄԱԿ-ի նախկին զինաքննիչ Հանս Բլիքսն ասում է, թե այս ռեակտորը հարմար չէ միջուկային զենքերում օգտագործվող միջուկային նյութեր արտադրելու համար։

Կոնդոլիզա Ռայսն Իրանին կոչ է արել Եւրոպական երեք երկրների հետ համաձայնության հանգել միջուկային իր ծրագրից հրաժարվելու դիմաց որոշակի օգուտ ստանալու շուրջ բանակցություններում։

՚՚Մենք այն կարծիքին ենք, որ Իրանը պետք է օգտվի Եւրոպական երեք երկրների ընձեռած հնարավորությունից, որը միջազգային համայնքին վստահություն կներշնչի որ Թեհրանը պատրաստ է կատարելու միջազգային իր պարտավորությունները՚՚։

Միացյալ Նահանգները նշել է, որ երկու կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում հետամուտ կլինի Իրանին հարկադրելու ՄԱԿ-ի սահմանափակումներ։

XS
SM
MD
LG