Մատչելի հղումներ

 
Ինչպե՞ս կանդրադառնա Ուկրաինայի վրա ամերիկյան սպառազինության մատակարարման դադարեցումը

Ինչպե՞ս կանդրադառնա Ուկրաինայի վրա ամերիկյան սպառազինության մատակարարման դադարեցումը


Ամերիկացի զինծառայող
Ամերիկացի զինծառայող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կարգադրել է «անհապաղ դադարեցնել» ռազմական օգնության առաքումը Ուկրաինա՝ նպատակ ունենալով ստիպել հակամարտ կողմերին խաղաղության բանակցություններ սկսել: Եվրոպացի գործիչները արձագանքել են, թե կենսականորեն կարևոր է շարունակել սպառազինության առաքումը Կիև, քանզի առանց նման օժանդակության Ուկրաինայի համար խիստ դժվար կլինի դիմագրավել ռուսական ագրեսիային։

Երբ երկուշաբթի ուշ երեկոյան սկսեցին լուրեր տարածվել Կիևին ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության դադարեցման վերաբերյալ, ռուսական անօդաչուները շարունակում էին գրոհել Ուկրաինայի քաղաքները:

Ուկրաինայում կարծում են՝ Վաշինգտոնի նման որոշման հետևանքները ծանր կլինեն:

«Սա նշանակում է, որ հազարավոր մարդիկ ուղղակի կզոհվեն»,- ասում է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Օլեքսիյ Գոնչարենկոն:

Տեղափոխվենք Ուկրաինայի արևելք՝ Պոկրովսկ քաղաքի մոտ, ուր ռազմական գործողությունները հատկապես թեժ են։

«Մենք կրակում ենք իտալական հաուբիցից։ Բայց ԱՄՆ-ից ստանում ենք շատ զինամթերք, այդ թվում՝ 105 միլիմետր տրամաչափի արկեր: Դա ՆԱՏՕ-ի ստանդարտ է, որն օգտագործվում է և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում: Արդյո՞ք Եվրոպան կկարողանա մեզ մատակարարել: Հուսով եմ՝ այդպես է»,- նշում է ուկրաինական 14-րդ բրիգադի ստորաբաժանման հրամանատարը՝ Բերֆը կեղծանվանմամբ:

Կարո՞ղ է Եվրոպան լրացնել ԱՄՆ-ից ստացվող ռազմական օգնության պակասը:

«Կան որոշակի համակարգեր՝ սկսած Patriot-ի հրթիռներից մինչև Abrams տանկերի ու Bradley զրահամեքենաների պահեստամասեր, որոնք օգտագործում են ուկրաինացիները, և որոնց ստանալու միակ ձևն այն է, որ եվրոպացիները ձեռք բերեն դրանք բաց շուկայում։ Իսկ դա ժամանակ է պահանջում»,- ասում է Mayak Intelligence հաստատության վերլուծաբան Մարկ Գալեոտին։

Մյուս կողմից՝ Ուկրաինան այսօր ինքնուրույն ավելի շատ զենք է արտադրում, քան պատերազմի սկզբում էր:

«Հավանաբար, սպառազինությունների մոտ կեսը, որն այժմ օգտագործում է Ուկրաինան, արտադրվում է սեփական՝ [ուկրաինական] ռազմական արդյունաբերության կողմից, իսկ մնացածը՝ ԱՄՆ-ի և մյուսների, այդ թվում՝ եվրոպացիների»,- նշում է Royal United Services վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մալքոլմ Չալմերսը:

Սակայն սպառազինությունից զատ, ԱՄՆ-ն տրամադրում է այլ կարևոր աջակցություն:

«ԱՄՆ-ն շատ կարևոր դեր է խաղում ուկրաինական ուժերին տեղեկատվության, հետախուզական տեղեկատվության տրամադրման գործում»,- շարունակում է Չալմերսը:

Թրամփի վարչակազմի ներկայացմամբ՝ Կիևին ռազմական օգնության դադարեցումը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը:

«Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ուկրաինացիները չեն կարող անվերջ շարունակել այս պատերազմը։ Այնպես որ, կարևոր է, որ բոլորը նստեն սեղանի շուրջ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Ի տարբերություն ամերիկյան այս նոր դիրքորոշման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն, օրինակ, կիրակի հայտարարեց, թե «կամավորների կոալիցիան», որի մեջ եվրոպական երկրներն են, կշարունակի աջակցել Ուկրաինային:

«[ԱՄՆ] փոխնախագահ Վենսի պնդումը, որ եվրոպացի շատ առաջնորդներ, ովքեր սոցիալական ցանցերում և հանրային մակարդակում աջակցում են Կիևին, բայց իրական կյանքում ավելի թերահավատ են [Ուկրաինային ցուցաբերվող օգնության արդյունավետության հարցում], հեռու չէ իրականությունից»,- ընդգծում է Գալեոտին:

Ինչևէ, նման զարգացումների ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի X հարթակում գրառմամբ ուղիղ դիմեց Թրամփի վարչակազմին, թե Ուկրաինան հավատարիմ է խաղաղությանը:

Սակայն ռուսական չդադարող ռմբակոծությունների ներքո ապրող միլիոնավոր ուկրաինացիների համար ԱՄՆ օգնության սառեցումը լուրջ փորձություն է:

«Հուսով եմ՝ նա [Թրամփը] կփոխի իր միտքը։ Ագրեսիայի զոհը չի կարող ամեն ինչում մեղավոր լինել ու դրան գումարած պատժվել»,- ասում է Կիևի բնակիչ Վիկտորյան։

«Գուցե, Եվրոպան ինչ-որ կերպ կարող է օգնել: Հույսը հիմա միայն Եվրոպայի վրա է, ուրիշ ոչ ոքի»,- շարունակում է Կիևի մեկ այլ բնակիչ Իլյան։

Ռուսաստանը, միևնույն ժամանակ, ողջունել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու Վաշինգտոնի որոշումը՝ ընդգծելով, թե նման քայլը կարող է օգնել «կարգավորել իրավիճակը խաղաղ ճանապարհով»:

XS
SM
MD
LG