«Կոռուպցիան գլոբալ զարգացող սպառնալիք է, որը շատ ավելին է, քան զարգացմանը խոչընդոտելը»,- հայտարարել է Transparency International-ի խորհրդի նախագահ Ֆրանսուա Վալերիանը՝ կոչ անելով միջազգային հանրությանն ու բոլոր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել երկարաժամկետ առաջնահերթություն:
Այս մասին տեղեկանում ենք Transparency International-ի տարածած հաղորդագրությունից՝ նվիրված կազմակերպության կողմից փետրվարի 11-ին հրապարակված «2024 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցին:
Ըստ հրապարակման՝ այսօր կոռուպցիայի համաշխարհային մակարդակը շարունակում է մնալ անհանգստացնող բարձր, իսկ այն նվազեցնելու ջանքերն աստիճանաբար թուլանում են։ Transparency International-ն արձանագրում է՝ երկրների ավելի քան երկու երրորդը շարունակում է գրանցել 50 միավորից ցածր ցուցանիշ՝ կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակի հիման վրա, որտեղ զրո ցուցանիշն նշանակում է բացարձակապես կոռումպացված մակարդակ, իսկ 100-ը՝ բացարձակապես ոչ կոռումպացված: Համաթվի համաշխարհային միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 43 միավոր:
Հայաստանը ևս այն երկրների շարքում է, որոնց կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը 50 միավորից ցածր է, սակայն այն (47 միավոր) բարձր է համաշխարհային միջինից (43 միավոր):
Ըստ զեկույցի՝ Հայաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը և 180 երկրների շարքում Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ հորիզոնականները:
Զեկույցում անդրադարձ կա Հայաստանի 2012-2024 թվականներին արձանագրված դինամիկային: Transparency International-ի տարածաշրջանային բաժանման մեջ Հայաստանն ընդգրկվել է Արևելյան Եվրոպա - Կենտրոնական Ասիա խմբում, որտեղ Երևանն իր ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն խմբում առաջին հորիզոնականում գտնվող Վրաստանին, որն ունի 53 միավոր ու գլոբալ սանդղակում 53-55-րդ տեղերում է։
Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ցուցանիշը գերազանցում է հարևան երկրների ցուցանիշները, բացառությամբ, ինչպես ասացինք, Վրաստանի: Թուրքիան 34 միովորով կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը 23 միավորով` 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը 22 միավորով՝ 154-157-րդ տեղերը։
Հայաստանը առջևում է նաև ԵԱՏՄ մյուս բոլոր երկրներից․ Ռուսաստանն ունի 22 միավոր, Ղրղզստանը` 25, Բելառուսը՝ 33 և Ղազախստանը` 40 միավոր։ Ղազախստանը զբաղեցնում է 88-91-րդ տեղերը, Բելառուսը ՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը՝ 146-148-րդ տեղերը և Ռուսաստանը՝ 154-157-րդ տեղերը:
Հայաստանը ներկայացված է նաև Եվրոպայի խորհրդի անդամ – պետությունների խմբում, ուր նույնիսկ միջին հորիզոնականներում չէ, ինչը նշանակում է, որ Երևանը դեռ շատ անելիքներ ունի՝ գրանցելու իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։
Ըստ «2024 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի»՝ ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան՝ 90 միավոր, Ֆինլանդիան՝ 88, Սինգապուրը՝ 84, Նոր Զելանդիան՝ 83 միավոր, Լյուքսենբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան՝ երեքն էլ ստացել են 81 միավոր, և Շվեդիան՝ 80 միավոր:
Միացյալ Նահանգները ստացել է 65 միավոր, նույնչափ, որքան Բահամյան Կղզիները: ԱՄՆ-ից առաջ են՝ վաստակած 67 միավորով, Ավստրիան, Ֆրանսիան և Թայվանը, իսկ հաջորդում են Իսրայելն ու Հարավային Կորեան՝ 64 միավորով:
Կոռուպցիայի ըկալման ամենավատ ցուցանիշներն են արձանագրել Սիրիան՝ 12 միավոր, Վենեսուելան՝ 10 միավոր, Սոմալին՝ 9 միավոր և Հարավային Սուդանը՝ 8 միավոր:
Ըստ զեկույցի՝ մարդկության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից երկուսը սերտորեն փոխկապակցված են՝ կոռուպցիան և կլիմայական ճգնաժամը: Զեկույցն ընդգծում է կոռուպցիայի դեմ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը և ահազանգում կլիմայական արդյունավետ գործողություններ իրականացնելու խոչընդոտի մասին։
Մինչ միլիարդավոր մարդիկ ողջ աշխարհում բախվում են կլիմայի փոփոխության ամենօրյա հետևանքներին՝ կոռուպցիան սրում է մարտահրավերները և լրացուցիչ սպառնալիքներ ներկայացնում հատկապես խոցելի համայնքներին՝ ասված է Transparency International-ի զեկույցում։