Մատչելի հղումներ

Ադրբեջանը պահանջում է փակել Բաքվում Ռուսական տունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Ադրբեջանի իշխանությունները նոտա են հղել Մոսկվա՝ երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ադրբեջանի իշխանությունները Մոսկվային պաշտոնական նոտա են հղել երկրում ռուսական «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի հայտնել են պաշտոնական Բաքվի հետ առնչվող ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Report հրատարակությունը և Minval տելեգրամյան ալիքը։ Այնուհետև այս մասին պաշտոնական հայտարարություն է հայտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքում։

«Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը՝ «Ռուսական տունը», որը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն է Ադրբեջանում, գրանցված չէ որպես իրավաբանական անձ»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։ Ենթադրվում է, որ «կազմակերպությունը լրջորեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը», ուստի «2025 թվականի փետրվարի 3-ին ռուսական կողմին նոտա է հղվել «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին»։ Ընդգծվել է, որ ռուսական կողմից սպասվում է «համապատասխան միջոցների ձեռնարկում»։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը ՏԱՍՍ գործակալությանը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանություններն իսկապես պահանջել են, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը գրանցվի երկրում, քանի որ այն ներկայումս օրինական գրանցում չունի։ Նա ուղղակիորեն չի ասել, որ Ռուսական տունը փակելու հրաման է տրվել։ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ «Ռուսական տունը ներկայումս աշխատում է նորմալ ռեժիմով»:

Պրիմակովի խոսքով՝ Մոսկվան միշտ պատրաստ է եղել գրանցել «Ռուսական տունը» Բաքվում, սակայն, իբր, նրա խնդրանքները մնացել են անպատասխան։

Ինչպես գրում է Report-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, Ադրբեջանի իշխանությունների որոշումը կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը «շարունակում է հետևողական կուրս՝ պաշտպանելու իր ազգային շահերը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին»։ Հրատարակությունը հիշեցնում է, որ Բաքուն ավելի վաղ պահանջել էր ամերիկյան USAID գործակալությունից, որը ներկայումս վերակազմավորման փուլում է և կասեցրել է իր ծրագրերից շատերը, դադարեցնել գործունեությունը Ադրբեջանում։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող Baku.tv հեռուստաալիքը զեկույց էր հրապարակել Ադրբեջանում «Ռուսական տան» աշխատանքի մասին, որում փաստացի մեղադրում էր այնտեղի աշխատակիցներին ոչ բարեկամական և նույնիսկ լրտեսական գործունեության մեջ։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն այնուհետև հանդես եկավ ի պաշտպանություն Ռուսական տան: Ըստ նրա, այն զբաղվում է «բացառապես կրթության, մշակույթի և գիտության ոլորտում գործունեությամբ»։

Նյութը եթեր է հեռարձակվել Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումից մի քանի շաբաթ անց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանն առնչություն ունի կործանմանը՝ նշելով, մասնավորապես, որ այն պահին, երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, այնտեղ գործում էին ռուսական ՀՕՊ համակարգերը։ Ալիևը քննադատել է այն փաստը, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։ Ընդ որում, Բաքուն դեռ պաշտոնապես չի մեղադրել Ռուսաստանին աղետի մեջ։

«Ռոսսոտրուդնիչեստվոն» Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ենթակայության պետական մարմին է, որի պարտականությունները ներառում են արտերկրում գտնվող հայրենակիցների հետ փոխգործակցությունը, «աշխարհում Ռուսաստանի հումանիտար ազդեցության ամրապնդումը» և «արդի Ռուսաստանի օբյեկտիվ տեսակետի արտերկրում տարածումը», - նշում է «Խոլոդ» ամսագիրը: Գործակալությունն ինքը գտնվում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում 2022 թվականի հուլիսից, սակայն Ռուսական տները, որոնք նախկինում հայտնի էին որպես Ռուսական գիտության և մշակույթի կենտրոններ, շարունակում են գործել եվրոպական որոշ երկրներում:

XS
SM
MD
LG