Թրամփի առաջին վարչակազմը վճռական քայլեր է ձեռնարկել հավատացյալների իրավունքները պաշտպանելու համար, և դա կշարունակվի առաջիկա չորս տարիներին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վաշինգտոնում կայացած Միջազգային կրոնական ազատության տարեկան գագաթնաժողովին:
«Կրոնական ազատության պաշտպանության մեր նախաձեռնությունների մի մասը տարանջատում է մեր արտաքին քաղաքականության մեջ կրոնական ազատությունները հարգող վարչակազմերին այն վարչակարգերից, որոնք չեն հարգում կրոնական ազատությունները։ Միացյալ Նահանգները պետք է կարողանա այդ տարբերակումը կատարել: Մենք պետք է կարողանանք կանխատեսել աղետները, ինչպես Իրաքի քրիստոնյաների վիճակը վերջին երեք տասնամյակների ընթացքում, և ունենանք բարոյական հստակություն գործելու, երբ ինչ-որ բան սխալ է տեղի ունեցել: Այժմ այս վարչակազմը պատրաստ է դա անել»,-ասել է նա։
Գագաթնաժողովին մասնակցեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կարճ ելույթից հետո վարչապետը պատասխանել է բանախոսի հարցերին: Իր ելույթում Հայաստանի առաջնորդն ընդգծել է, որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է: «Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար»,-ասել է նա։
Հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հեռանկարների մասին հարցին՝ Փաշինյանն ասել է. «Այո, մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է: Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով»։
Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի համանախագահ, Սեմ Բրաունբեքը, ով Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում միջազգային կրոնական հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան էր, գտնոմ է, որ ականատես ենք լինում աշխարհում ավտորիտարիզմի աճին, որը արտահայտվում է գլոբալ կրոնական հալածանքների միջոցով։
«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանությանը: «Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է, բայց այնտեղ բնակվում են հայ քրիստոնյաներ, կամ բնակվում էին, մինչև նրանց արտաքսելը՝ ամենասարսափելի իրավիճակներից է, որը տեղի է ունեցել, երբ ունեիք 120 հազար քրիստոնյաներ, որոնք այնտեղ են ապրել սերունդների, հազարամյակների ընթացքում: Եվ նրանց արտաքսում են, շրջափակում, սովամահ անում Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ հարցը պետք է լուծվի: Համաշխարհային հանրությունը առանձնապես ուշադրություն չդարձրեց, քանի որ երկարաժամկետ տարածքային վեճ էր, բայց, այնուամենայնիվ, այդ մարդիկ վտարվեցին և հանգրվանեցին Հայաստանում։ Կարծում եմ, այդ հարցը պետք է քննարկվի։ Նաև, կարծում եմ, որ Հայաստանին պետք է պաշտպանել՝ որպես ազատության ամրոց աշխարհի մի տարածաշրջանում, ուր այդքան էլ ազատություն չկա»,-ասել է նա:
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հույս ունի, որ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:
«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերների առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:
Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը ևս կարծում է, որ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ:
«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասոմ է նա:
Գագաթնաժողովին զուգահեռ տարբեր ազգերի և դավանանքների տեղեկատվական տաղավարների կողքին նաև հայկականն էր: Ամերիկահայ ուսանողուհի Սուսաննա Խառատյանը հայկական նախաձեռնությունների մասնակից է. «Մենա նաև այստեղ շփվում ենք ամերիկյան կառավարության ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, որ սա սկիզբն է ամեն ինչի, և պետք է պայքարենք և առաջ տանենք Հայաստանին վերաբերով հարցերը»:
Փետրվարի 5-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կազմակերպված Միջազգային կրոնական ազատության հինգերորդ գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքը: Ըստ դեսպան Բրաոնբեքի՝ Այս օրերին գագաթնաժողովը համախմբել էր ամբողջ աշխարհից տարբեր դավանանքներ ներկայացնող բազմաթիվ մարդկանց, ովքեր հավաքվել էին՝ աջակցելու կրոնական ազատությանը բոլորի համար և ամենուր: Թափ հավաքող այս շարժումը, ըստ նրա, գագաթնաժողովի հիմնական ուղերձն է: