Մատչելի հղումներ

 
Հայաստանի վարչապետը ցանկանում է նոր դարաշրջան բացել Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերություններում 

Հայաստանի վարչապետը ցանկանում է նոր դարաշրջան բացել Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերություններում 


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատլանտյան խորհուրդ» հաստատություն, ուր խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից ու մարտահրավերներից

Հայաստանի կառավարությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի առանցքում է Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում գտնվող «Ատլանտյան խորհուրդ» հաստատության հյուրընկալած քննարկմանը: Միջոցառումը վարում էր «Ատլանտյան խորհրդի» Եվրասիա կենտրոնի ավագ տնօրեն, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը:

Հայաստանը արդյունավետ իրականացնում է արտաքին այս քաղաքականությունը, նկատում է վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով՝ չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանին հաջողվել է բարձրացնել իր անկախության ու ինքնիշխանության մակարդակը:

«Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը

Իր ելույթի զգալի հատվածը նվիրված էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: Հայաստանի առաջնորդը շեշտում է՝ մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում:

«Հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև բանակցություններում անցած տարի արձանագրվել է «հսկայական առաջընթաց»:

«Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ»,- ասել է Փաշինյանը:

Խաղաղության պայմանագրի նախագծում համաձայնեցված կետերից են, ըստ ՀՀ վարչապետի, օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դրույթը՝ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի ժամանակների սահմանների ներքո։ Բացի այդ, Երևանն ու Բաքուն պայմանագրի նախագծում պայմանավորվել են չունենալ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չբարձրացնել։ Այս համաձայնությունները, ըստ վարչապետի, ապագա խաղաղության հիմքն են հանդիսանում:

«Այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար»,- ասում է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դեռևս չհամաձայնեցված երկու կետերն են հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ուժերի՝ ըստ վարչապետի եվրոպական մոնիտորինգային առաքելության տեղակայման բացառումն ու միջազգային դատական ատյաններից միմյանց դեմ հայցադիմումների հետ կանչումը: Երևանը գրավոր առաջարկել է Բաքվին բացառել երրորդ կողմի ներկայությունը սահմանազատված հատվածներում, իսկ միջազգային դատական ատյաններից ոչ միայն հետ կանչել հայցադիմուններն, այլ նաև զերծ մնալ այդ խնդիրների բարձրաձայնումից երկկողմ հարաբերություններում:

«Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ երկխոսությունը ընթանում է երկկողմանի ձևաչափով, սակայն միջազգային հանրության ուշադրությունը կարևոր է:

Փաշինյանը նկատում է՝ մենք բավականին ակտիվ երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ:

«Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք»,- ընդգծում է Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանի խոսքերով՝ Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներն ակտիվորեն երկխոսում և հանդիպում են, իսկ կողմերի բանագնացները ևս մշտապես կապի մեջ են: Առկա է ընդհանուր պատկերացում, թե ինչ է պետք անել, բայց նաև կան նյուանսներ, նկատել է Հայաստանի առաջնորդը:

«Իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը «նորմալ» է գնահատել Հայաստանի հարաբերությունները Եվրասիական Տնտեսական Միության հետ, սակայն վերահաստատել Հայաստանի անդամակցության սառեցումը Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի աշխատանքներում: Մենք մեր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման գործընթացում ենք բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, նկատել է Փաշինյանը՝ արձանագրելով ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումը՝ ընդգծելով՝ հույս ունենք նոր էջ բացել Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում: Հարավային Կովկասում խաղաղության օրակարգն այս հարաբերություններում զբաղեցնում է կարևոր տեղ:

«Նախագահ Թրամփի քարոզարշավից հետո մենք տեսանք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր է նրա համար։ Եվ մենք հնարավորություն ենք տեսնում ներկա վարչակազմի ուշադրությունը հրավիրելու նրան, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է, և միգուցե ավելի շատ իրական ջանքերի ներդնումը վարչակազմի կողմից կարող է հանգեցնել հաջողության»,- ասել է Փաշինյանը:

Նա կարևորել է ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ անտարբերությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է հրահրել էսկալացիա: Հարավային Կովկասի խաղաղության օրակարգի ներառումը Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և միջազգային հանրության առաջնահերթությունների ցանկում չափազանց կարևոր է հարավկովկասյան տարածաշրջանի կայունության համար, նկատել է վարչապետը։

Այնուհետև, Հայաստանի վարչապետի մասնակցոթյամբ «Ատլանտյան խորհրդում» կազմակերպված քննարկումը շարունակվել է փակ դռների հետևում:

XS
SM
MD
LG