Մատչելի հղումներ

Թրամփի վերադարձը. համաշխարհային մրցակցության ռազմավարությունը


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Վաշինգտոնում գործող Վուդրո Վիլսոնի վերլուծական կենտրոնի փորձագետները քննարկել են, թե ԱՄՆ նոր վարչակազմն ինչ ռազմավարություն է որդեգրելու Չինաստանի և համաշխարհային ասպարեզում այլ դերակատարների հետ հարաբերություններում։

Ռազմավարական մրցակցությունը, որը մի կողմից տեղի է ունենում Միացյալ Նահանգների, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքի մրցակից երկրների միջև, որոնց թվում առաջնային տեղ է զբաղեցնում Չինաստանը, կարևոր դեր է խաղացել Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի օրակարգում։

Անցած ժամանակահատվածում այդ մրցակցությունը միայն սրվել է. ավտորիտար ռեժիմները՝ Չինաստանի գլխավորությամբ, ակտիվացրել են իրենց ագրեսիվ գործողությունները՝ աշխարհակարգը իրենց օգտին փոխելու համար, ինչը դարձել է մի շարք պատերազմների և հակամարտությունների կատալիզատոր։

Արդյունքում, երկրագնդի վրա կայունությունն ու տնտեսական առաջընթացը կրկին սկսեցին կախված լինել ԱՄՆ և նրա դաշնակիցների՝ ավտոկրատ և ագրեսոր երկրների զսպման ուղղությամբ կայուն, համակարգված քաղաքականություն վարելու հնարավորությունից։

Թրամփի վերադարձը. համաշխարհային մրցակցության ռազմավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:10:40 0:00

Այժմ, երբ ձևավորվում է Թրամփի նոր վարչակազմը, և ԱՄՆ 47-րդ նախագահի առաջնահերթությունները ներկայացվել են ժողովրդին և աշխարհին ուղղված նրա երդմնակալության ուղերձում, Քենանի ինստիտուտի Վուդրո Վիլսոնի կենտրոնը հրավիրել է Չինաստանի և Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հարցերով առաջատար փորձագետների՝ քննարկելու ռազմավարական մրցակցության հնարավոր ուղիները և այն, թե ինչպես նոր վարչակազմի քաղաքականությունը կարող է ձևավորել հարաբերությունները գլոբալ առանցքային խաղացողների հետ և ազդել տարածաշրջանային դինամիկայի վրա։

Ինչո՞ւ է Չինաստանի հետ մրցակցությունը ԱՄՆ համար առաջնային՝ գլոբալ ռազմավարության թարմացման տեսանկյունից

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան անդամ, Միացյալ Նահանգների և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև ռազմավարական մրցակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մուլենարը նշել է, որ «ո՛չ Չինաստանի ժողովուրդը, ո՛չ նրա գործարար հանրությունը և ո՛չ էլ Չինաստանից արտահանվող ապրանքները սպառնալիք չեն ԱՄՆ համար»։

«Այսօր Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն է իրական ռազմական սպառնալիքը Ամերիկայի և նրա դաշնակիցների համար, տնտեսական սպառնալիք՝ մեր ընկերությունների համար, և գաղափարախոսական խնդիր՝ ամբողջ աշխարհում։ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը համարում է, որ դասեր է քաղել Խորհրդային Միության սխալներից և պատրաստ է մրցակցել բոլոր երեք ճակատներում։

Տարիներ շարունակ արևմտյան առաջնորդները սխալվում էին՝ կարծելով, որ Չինաստանի Կոմկուսը ցանկանում է «պարզապես մրցակցել», իսկ ամերիկացի շատ քաղաքական գործիչներ վստահ էին, որ եթե Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դարձնեն նույնքան հարուստ, որքան Արևմուտքը, Չինաստանում «ազատություն կտիրի»։ Նախորդ երկու տարիների ընթացքում մեր հանձնաժողովը բացահայտել և ներկայացրել է փաստարկներ այն մասին, որ Կոմունիստական կուսակցության ագրեսիվ քաղաքականությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆենտանիլի արտադրությունը, մտավոր սեփականության գողությունը, տրանսազգային ռևիզիոնիզմը, Թայվանի և միջազգային առևտրի նկատմամբ սպառնալիքները, բոլորը նույն պատերազմի տարբեր ճակատներն են»,- ասել է կոնգրեսականը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ ԱՄՆ-ն «պետք է դադարեցնի կապիտալի և տեխնոլոգիաների արտահոսքը Չինաստան, քանի որ այդ հոսքը սնուցում է չինական ռազմական մեքենայի արդիականացումը»։

Ամերիկյան դոլարները, վստահ է Մուլենարը, «չպետք է ֆինանսավորեն այն ընկերություններին, որոնք մշակում են տեխնոլոգիաներ, որոնք երբևէ կարող են օգտագործվել ամերիկացի զինվորականների դեմ հակամարտության դեպքում, և չպետք է աջակցեն Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը մարդու իրավունքները ոտնահարող քաղաքականության իրականացման ժամանակ, ինչպես օրինակ՝ մահմեդական ույղուրների ցեղասպանության հարցում»։

Կոնգրեսականը հիշեցրել է, որ «ցանկացած չինական ընկերություն, եթե այն չի փորձում առաջ մղել Չինաստանի Կոմկուսի շահերը, խախտում է 2017 թվականի Չինաստանի ազգային անվտանգության մասին օրենքը»։

Կոնգրեսականը օրինակ է բերել TikTok-ը, որը սերտորեն կապված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ․ «Չինաստանի կառավարությունն ուղղակիորեն նշանակում է դրա տնօրենների խորհրդի անդամներից մեկին»։

«Մեր օրենսդիրները նախագահ Թրամփին տրամադրեցին լծակ, որն անհրաժեշտ էր «դարի գործարքը» կնքելու համար։ Գործարք, որի շնորհիվ TikTok-ի հասանելիությունը կպահպանվի ամերիկացի օգտատերերի համար, բայց Չինաստանի Կոմունիստական կուսակցության վերահսկողությունից դուրս։ Մեր նպատակն է ապահովել, որ այս մոտեցումը տարածվի նաև ԱՄՆ-ում Չինաստանի այլ ոլորտների և բիզնեսների վրա՝ առևտրի, կրթության և երկակի նշանակության տեխնոլոգիաների վրա»,- ընդգծել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամը։

Ինչպե՞ս է համադրվում չինական ապրանքների նկատմամբ կոշտ մաքսատուրքեր սահմանելու գաղափարը Դոնալդ Թրամփ - Սի Ծինփին նախատեսվող հանդիպման հետ

Քիսինջերի ինստիտուտի Չինաստանի և ԱՄՆ հարցերով տնօրեն Ռոբերտ Դեյլին ասաց, որ «Չինաստանը նույնպես պատրաստվում էր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը»։

«Թրամփը հայտարարեց, որ շահագրգռված է Չինաստան այցելել [իր պաշտոնավարման] առաջին հարյուր օրվա ընթացքում, իսկ Չինաստանում հավատում են, որ առաջնորդների միջև լավ կապերը կարող են նպաստել դրական արդյունքների ստացմանը»,- ասել է փորձագետը՝ հավելելով, թե Պեկինում հուսով են, որ եթե Թրամփի այցը կայանա, ապա կողմերը համաձայնության կգան։

Դեյլին նշել է՝ թերահավատորեն է վերաբերվում այն գաղափարին, որ Չինաստանը անմիջապես կվերանայի իր պարտավորությունները առևտրային համաձայնագրերի վերաբերյալ։ Չինաստանը հույս ունի, որ Թրամփը կցանկանա կենտրոնանալ ներքին հարցերի վրա՝ իր կառավարության բարեփոխումների, ներգաղթի և իր օրակարգի վրա Արևմտյան կիսագնդում, որը ներառում է Գրենլանդիան, Պանաման, Կանադան և այլն։ Դա Չինաստանին հույս է ներշնչում, որ նա կարող է շարունակել իր օրակարգը իր կիսագնդում։

Փորձագետը շարունակել է՝ ըստ Պեկինի, տնտեսական ոլորտում գործարքը կներառի ռազմավարական համաձայնություն՝ ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ։ Ուստի, Չինաստանը մոտ ժամանակներս նախաձեռնող քայլ կկատարի այնպիսի գործարքի ուղղությամբ, որը նախագահը կարող է ընդունել։

Այդուհանդերձ, հետազոտողը կարծում է, որ «նույնիսկ հաջող գործարքի դեպքում Չինաստանը ձգտելու է ազդեցություն ունենալ Գլոբալ Հարավի երկրներում՝ գերիշխելով որոշակի ոլորտներում, ինչը դժգոհություն կառաջացնի ինչպես Թրամփի վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի՝ ավելի կոշտ քաղաքականության կողմնակիցների շրջանում»։

Վերլուծաբանը համոզված է, որ Թրամփի վարչակազմի առաջին քայլերը Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ պետք է լինեն Պեկինի հետևողական դուրս մղումը Կենտրոնական և Հարավային Ամերիկայից։

Ի՞նչ լծակներ ունի Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ ազդելու Ռուսաստանի վրա և ստիպելու նրան դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ

Քենանի ինստիտուտի փոխտնօրեն Ջենիֆեր Վիստրանդը հիշեցրել է, թե ինչպես էին բոլոր դիտորդները զարմացած, որ նախագահն իր երդմնակալության խոսքում չհիշատակեց Ռուսաստանը։

«Սակայն ավելի ուշ՝ այդ նույն օրը նա՝ [Թրամփը] բավականին նվաստացուցիչ մեկնաբանություններ արեց նախագահ Պուտինի մասին՝ ասելով, որ նա «կործանում է Ռուսաստանը՝ Ուկրաինայում իր պատերազմով»,- նշել է վերլուծաբանը։

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ առայժմ չկա հնարավորություն՝ հանգուցալուծել ուկրաինական հակամարտությունը։

Վիստրանդը ընդգծել է, որ «Ուկրաինայի հարցի արագ լուծման հիմնական խոչընդոտը, չնայած Զելենսկիի հետ Թրամփի հաստատած հարաբերություններին և Պուտինի հետ որոշակի կապերին, հակամարտող կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությունն է»։

«Նախագահ Զելենսկին և Ուկրաինան ցանկանում են ռուսական զորքերի անհապաղ և ամբողջական դուրսբերում իրենց տարածքից, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր։ Մինչդեռ, նախագահ Պուտինն ու Ռուսաստանը, ընդհակառակը, ցանկանում են բաց չթողնել հնարավորությունը՝ պահպանելու Ուկրաինայի տարածքի ավելի քան 18%-ը, որը նրանք օկուպացրել են, և երաշխիքներ, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է փորձագետը։

Սակայն, Վիստրանդի կարծիքով, «Պուտինի նվաճումները» էական փոփոխություններ չեն կրել, ուստի Ռուսաստանը, իրականում, ավելի ուժեղ դիրքերում չէ, հատկապես հաշվի առնելով ռուսական կողմի կորուստների թիվը։

Վիստրանդը վստահ է, որ Կրեմլի վրա ազդեցություն գործելու տնտեսական լծակները՝ պատժամիջոցները, նավթի գները, լավագույն միջոցներն են, որոնք կարող է արդյունավետ կերպով կիրառել նախագահ Թրամփը։

«Եթե ԱՄՆ-ն ավելացնի նավթի արդյունահանումը և ավելի ակտիվ ներկայություն ունենա համաշխարհային գազի շուկայում, այդ ամենը ազդեցություն կունենա Պուտինի ռեժիմի կայունության վրա»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գլխավոր լծակը մնում է Չինաստանը։ Ինչ վերաբերում է Չինաստանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությանը, ամերիկացի քաղաքագետը նշում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է արագ գտնի երկու ավտոկրատ ռեժիմների միջև հարաբերությունների թույլ կետերը։

Փորձագետի կարծիքով՝ այդ թույլ կետերը երկու երկրների ոչ միշտ համընկնող շահերն են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ «ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի իր ներկայությունը՝ ներդրումներ ներգրավելով, արդյունաբերությունը զարգացնելով և մասնակցելով ենթակառուցվածքային նախագծերին, ինչպես դա անում է Չինաստանը»,- համոզված էր Վիստրանդը։

Ինչպե՞ս կարող են Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները օգնել ԱՄՆ նոր վարչակազմին հասնել կայուն խաղաղության Մերձավոր Արևելքում

Վիլսոնի կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրեն Մերիսա Խուրման վստահ էր, որ «Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը առանցքային կդառնա ԱՄՆ համար Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման գործում»։

«Սաուդցիները մտադիր էին խաղաղություն երաշխավորել՝ Պաղեստինի պետականության կայացման գործընթացում իրենց մասնակցությամբ։ Թրամփը իր ելույթում հստակ նշեց, որ ցանկանում է, որպեսզի իրեն համարեն տարածաշրջանում խաղաղության հաստատող։ Նա մի քանի անգամ շեշտեց այդ ուղերձը, հատկապես իր քարոզարշավի ընթացքում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների արաբական ծագմամբ ամերիկյան և մահմեդական համայնքների հետ հանդիպումների ժամանակ։ Կարծում եմ, որ տարածաշրջանի շատ երկրներ, և առաջին հերթին սաուդցիները, պրագմատիզմ կդրսևորեն Թրամփի հետ բանակցություններում»։

Սաուդյան Արաբիան ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ ամերիկյան ինտեգրալ սխեմաներ։ Նրանք ցանկանում են աջակցություն միջուկային էներգիայի հարցում, ինչպես նաև ուզում են ունենալ F-35 կործանիչներ։

«Նրանք պատրաստվում են համաձայնության գալ ԱՄՆ հետ բոլոր հարցերի շուրջ»,- համոզված էր Մերիսա Խուրման։

Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Վիլսոնի կենտրոնի Հնդկական-Խաղաղօվկիանոսյան ծրագրի տնօրեն Շիհոկո Գոտոն կարծում է, որ Դոնալդ Թրամփը կձգտի ամրապնդել, այսպես կոչված, Քառյակ դաշինքը, որում ընդգրկված են Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Ֆիլիպինները։

Գոտոն հաստատել է, որ «տարածաշրջանում հիմնական սպառնալիքը կմնա Չինաստանը, և նրան դիմակայելու համար ԱՄՆ նոր վարչակազմը ստիպված կլինի օգտագործել Հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցությունն այս տարածաշրջանում։

XS
SM
MD
LG