Մատչելի հղումներ

 
Նախագահ Թրամփը հինգշաբթի օրը առցանց կդիմի Դավոսի համաժողովի մասնակիցներին

Նախագահ Թրամփը հինգշաբթի օրը առցանց կդիմի Դավոսի համաժողովի մասնակիցներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Սպասվում է, որ Սպիտակ տան ղեկավարը կպատասխանի համաշխարհային բիզնես համայնքի ներկայացուցիչների հարցերին

Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հանդես կգա Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին ուղղված առցանց ելույթով:

Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Բորխե Բրենդեն անցած երեքշաբթի հայտարարեց Թրամփի առաջիկա ելույթի մասին։

«Իհարկե, մեր անդամները և մնացած աշխարհը շատ շահագրգռված են տեղեկանալու նոր վարչակազմի քաղաքականության մասին», - ասաց նա:

Բրենդենն ավելացրել է, որ ֆորումի կազմակերպիչներն ակնկալում են նաև, որ Թրամփի վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կմասնակցեն համաժողովին:

Սպասվում է, որ Սպիտակ տան նոր ղեկավարը ուղիղ եթերում կպատասխանի լսարանի, մասնավորապես համաժողովին մասնակցող բանկային և նավթային հատվածների ներկայացուցիչների հարցերին։

Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին, հինգշաբթի ավելի վաղ ելույթ ունենալով համաժողովին, ասել է, որ իր երկիրը «վերահաստատում է ազատության գաղափարը», և որ ինքը համոզված է, որ «դա հենց այն է, ինչ... Նախագահ Թրամփը կանի նոր Ամերիկայում»:

«Միջազգային դաշինք է ստեղծվում... երկրներից, որոնք ցանկանում են ազատ լինել և հավատում են ազատության գաղափարներին»,- ասաց նա։

Թրամփի՝ հարկերը կրճատելու, դաշնային կառավարության կրճատման և մի շարք ոլորտների ապակարգավորման ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացնում համաշխարհային գործարար համայնքի կողմից:

Ակնկալվում է, որ Bank of America-ի տնօրեն Բրայան Մոյնիհանը, Blackstone ներդրումային ընկերության ղեկավար Սթիվեն Շվարցմանը, իսպանական Banco Santander կորպորացիայի ղեկավար Անա Բոտինը և ֆրանսիական TotalEnergies նավթագազային հսկայի ղեկավար Պատրիկ Պույանեն հարցեր կտան Թրամփին։

«Ես... անհամբեր սպասում եմ, թե ինչ է լինելու: Սա նոր օր է, սա հուզիչ պահ է», - երեկ ասել է Salesforce տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը:

XS
SM
MD
LG