Մատչելի հղումներ

 
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեց նոր պետքարտուղարի թեկնածության հաստատման հարցը

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեց նոր պետքարտուղարի թեկնածության հաստատման հարցը


Մարկո Ռուբիո
Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածուն` Մարկո Ռուբիոն, սուր հարցերի արժանացավ Սենատում։ Ռուբիոն ընդգծել է` հաստատվելու դեպքում իր առաջնահերթությունն է լինելու ԱՄՆ ազգային շահը:

ԱՄՆ նոր պետքարտուղարի հաստատման հարցով Սենատում կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն խոստացավ ԱՄՆ շահերին հատկացնել առաջնային նշանակություն։

«Մեր հիմնական ազգային շահը ամեն ինչից վեր դասելը մեկուսի [մի գաղափար] չէ: Առկա է ընդհանուր ընկալում, որ մեր ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն [վարելը] հնացած [մոտեցում] չէ»,- ասել է նա:

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեց նոր պետքարտուղարի թեկնածության հաստատման հարցը
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Ռուբիոն դրական ընդունելության է արժանացել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` դեմոկրատների ու հանրապետականների կողմից։ Հիշեցնենք` տևական ժամանակ նա այդ հանձնաժողովի անդամ էր:

«Նորընտիր նախագահ Թրամփը և սենատոր Ռուբիոն հստակ են... և հասկանում են, որ այնտեղ, որտեղ առկա է ազատություն և ժողովրդավարություն, Ամերիկան ունի ուժեղ դաշնակիցներ և վստահելի առևտրային գործընկերներ: Մարկոն կոմունիստական Չինաստանի, Կուբայի վարչակարգերը [հետ] պահելու մեծ փորձ ունի։ Վենեսուելան, Նիկարագուան, պատասխանատու են իրենց բռնաճնշումների համար։ Նա կաշխատի նախագահ Թրամփի հետ՝ պատժելու կոմունիստական ռեժիմներին՝ իրենց հանցագործությունների համար»,- նշել է հանրապետական սենատոր Ռիկ Սքոթ:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար առաջնային հարցերից է ուկրաինական պատերազմը դադարեցնելը: Դեմոկրատ սենատորները Ռուբիոյին խնդրեցին ուրվագծել, թե ինչ տեսք կունենա Ուկրաինայի պատերազմի հնարավոր ավարտը։

Օրինակ, դեմոկրատ օրենսդիր Ժաննա Շահինը հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է կարևոր, որ մենք անենք, որպեսզի ապահովենք հնարավոր ամենաուժեղ բանակցային դիրքերը [Կիևի համար], եթե Ուկրաինան և Ռուսաստանը հայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ»:

Ռուբիոն պատասխանել է. «Կարծում եմ, ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը պետք է լինի այն, որ այս պատերազմը պետք է ավարտվի։ Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ դեր կարող ենք խաղալ։ Կարծում եմ, առաջինը պարզ դարձնելն է, և իմ տարաձայնությունները Բայդենի [ղեկավարած Պետքարտուղարության հետ] այս գործընթացի ընթացքում այն է, որ նրանք երբեք հստակ չեն սահմանել, թե որն է մեր վերջնական նպատակը [ուկրաինական] հակամարտությունում»:

Ռուբիոն անդրադարձել է նաև Գազայում հրադադարի հարցին. «Այժմ Մերձավոր Արևելքում կան հնարավորություններ, որոնք գոյություն չունեին 90 օր առաջ. [խոսքն այն մասին է, թե] ինչ եղավ Լիբանանում և Սիրիայում, կամ այն, ինչ, հուսով ենք, տեղի կունենա հրադադարի և պատանդների ազատ արձակման դեպքում։ Այժմ Մերձավոր Արևելքում կան գործոններ, որոնց վրա, կարծում եմ, կարող ենք հիմնվել, և որոնք կարող են բացել պատմական հնարավորությունների դուռը»:

Ռուբիոն նաև ընդգծել է` այսօր Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը Չինաստանի կոմունիստական կուսակցությունն է. «Նրանք ունեն այնպիսի տարրեր, որոնք Խորհրդային Միությունը երբեք չի ունեցել: Նրանք տեխնոլոգիական մրցակից են, արդյունաբերական մրցակից, տնտեսական, աշխարհաքաղաքական, գիտական մրցակից, և բոլոր ոլորտներում: Սա մարտահրավեր է, որը, կարծում եմ, դեր կունենա 21-րդ դարի ձևավորման գործում»:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու պարագայում` կուբացի ներգաղթյալների որդին՝ Մարկո Ռուբիոն, կլինի լատինաամերիկյան ծագմամբ առաջին պետքարտուղարը։

Սպասվում է, որ Ռուբիոյի թեկնածության հարցով քվեարկությունը Սենատում կկայանա հաջորդ շաբաթ:

XS
SM
MD
LG