ԱՄՆ Ջորջիա նահանգի գյուղական փոքր համայնքներից մեկում, ուր շուրջ 700 մարդ է ապրում, ևս հիշատակում են երկրի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերին, որն իր մահկանացուն կնքեց օրերս՝ հարյուր տարեկան հասակում
«Հույս ունեինք, որ կնշենք նրա 101-ամյակը, բայց մեզ սփոփում ենք, որ նա կմիանա կնոջը՝ Ռոզալինին։ Նա, իրոք, արել է այնքան, որքան կարողացել է»,- «Ամերիկայի ձայնին» ասում է տեղի խանութպան Ֆիլիպ Կուրլանդը։
Տեղաբնակների ներկայացմամբ՝ Ջիմի Քարթերը ավելին է, քան նախկին նախագահ։ Նրան բնութագրում են որպես մեծ մարդասեր։
Կուրլանդի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահն ուղղակի հերոս էր։
Ջիլ Սթաքին Քարթերի ընտանիքի մտերիմներից է և Ջիմի Քարթերի անվան ազգային պատմական պարկի տեսուչը:
«Նախագահը իր հուղարկավորությունը ծրագրել էր ընտրվելու հաջորդ օրը։ Ուստի, [այս միջոցառումները] ծրագրված էին տասնամյակներ առաջ»,- ասում է Սթաքինը։
«Հավանաբար կզգամ նրա բացակայությունը, երբ ամեն ինչ ավարտվի»,- նշում է Քիմ Ֆուլերը, ով Ջիմի Քարթերի զարմուհին է՝ նրա եղբոր՝ Բիլի Քարթերի դուստրը։
Քիմը նաև Ջիմի Քարթերի հարևանն է Փլեյնսում և տեղի բապտիստական եկեղեցու հետևորդ, որի կիրակնօրյա դպրոցում ԱՄՆ նախկին նախագահը դասավանդում էր 1981 թվականին Սպիտակ տնից հեռանալուց հետո:
«Նա գնաց, և լինում են պահեր, երբ դա ինձ ուղղակի ճնշող հարված է հասցնում»,- շարունակում է Քիմ Ֆուլերը։
Ատլանտայում գտնվող Քարթերի անվան կենտրոն մարդկանց հոսքը չի դադարում։ Ամերիկացիները վերջին հրաժեշտն են տալիս ԱՄՆ նախկին նախագահին։
Ատլանտայի բնակիչ Ուոլթեր Ռեմսն ասում է․ «Չեմ տեսել նրա նախագահության տարիները, բայց այս ամենն, իրոք, օգնում է քեզ ճանաչել Ջիմիին»: