Չորեքշաբթի օրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Արիզոնա նահանգի քաղաքական գործիչ և նախկին լրագրող Քերի Լեյքին նշանակել պետության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի ձայնի» տնօրեն:
Թրամփը դրա մասին է հաղորդել իր Truth Social հարթակում կատարած գրառմամբ: Լեյքը նորընտիր նախագահի մերձավոր քաղաքական դաշնակիցներից է և նախկինում աշխատել է որպես Fox News-ի հաղորդավար Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում:
Նա 27 տարի զբաղվել է լրագրությամբ, նախքան 2021 թ-ը, երբ առաջադրվել է Արիզոնայի նահանգապետի ընտրություններում:
2024 թվականին Սենատի համար իր անհաջող ընտրապայքարից հետո Լեյքն ասաց, որ Արիզոնան պետք է դառնա «Ամերիկան առաջնային է» քաղաքականության դրոշակակիրը:
Թրամփը նաև ասել է, որ շուտով կհայտարարի ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) ղեկավարի պաշտոնում իր նախընտրած թեկնածուի անունը: Գործակալությունը վերահսկում է «Ամերիկայի ձայն» ու պետության կողմից ֆինանսավորվող այլ ամերիկյան հեռարձակողներին:
Այս պաշտոնի թեկնածուն առաջադրվում է նախագահի կողմից, այնուհետև՝ հաստատվում Սենատի: Թրամփը նշել է, որ «Ամերիկայի Ձայն»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Քարի Լեյքը սերտորեն կաշխատի վերադաս մարմնի՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության, ղեկավարի հետ։
Վարչակազմի կողմից ֆինանսավորվող գործակալության (USAGM) գլխավոր տնօրենը պատասխանատու է, որ ենթակա հեռարձակողները կատարեն վստահելի և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու իրենց առաքելությունը:
Հինգշաբթի առավոտյան «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը նամակով դիմել է իր աշխատակիցներին, որում ասվում է, որ ծանոթացել է Քերի Լեյքի նշանակաման հայտարարության հետ անցած գիշեր և դեռևս չի ստացել որևէ լրացուցիչ տեղեկություն:
«Ես ողջունում եմ իշխանության սահուն անցումը ինչպես գործակալությունում (USAGM), այնպես էլ «Ամերիկայի ձայնում»: «Ես մտադիր եմ համագործակցել նոր վարչակազմի հետ և հետևել «Ամերիկայի ձայնի» տնօրենի նշանակման գործընթացին»,- գրել է նա։
2020 թվականի օրենքը վերակառուցեց USAGM-ի կառավարումը:
Գործակալության գլխավոր տնօրենն իրավասու է վարձել կամ հեռացնել հեռարձակման ցանցի ղեկավարներին, սակայն դա պետք է անի 2020 թվականի դեկտեմբերին ընդունված երկկուսակցական օրենքի համաձայն, որը սահմանում է, որ հեռարձակման ցանցի ղեկավարների փոփոխությունը պահանջում է Հեռարձակման միջազգային խորհրդատվական խորհրդի (IBAB) ձայների մեծամասնությունը:
Խորհուրդը բաղկացած է վեց անդամից, որոնք նշանակվում են նախագահի կողմից և պաշտոնավարում են ռոտացիոն սկզբունքով, ինչպես նաև պետքարտուղարից: Մարմնի գործառույթն է խորհրդատվություն տրամադրել գործակալության գլխավոր տնօրենին խմբագրական անկախության և հեռարձակման ամբողջականության դրույթներին համապատասխանելու, ինչպես նաև լրագրության ամենաբարձր չափանիշները պահպանելու վերաբերյալ:
X սոցհարթակում կատարած իր գրառման մեջ Քերի Լեյքն ասել է, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել «Ամերիկայի ձայն»-ի ղեկավարի պաշտոնում: Նա հավելել է, որ «Ամերիկայի ձայնը» «կարևոր միջազգային լրատվամիջոց է», որը քարոզում է «ժողովրդավարությունն ու ճշմարտությունը»:
«Իմ ղեկավարությամբ «Ամերիկայի Ձայնը» հաջողության կհասնի իր առաքելության մեջ և կներկայացնի Ամերիկայի ձեռքբերումներն ամբողջ աշխարհում», - ասաց նա:
«Ամերիկայի Ձայն»-ի լրատվական ծառայությունը փորձել է կապ հաստատել Քերի Լեյքի հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայնը» հեռարձակվում է 49 լեզուներով։ Նրա շաբաթական լսարանը կազմում է 354 միլիոն մարդ։
«Ամերիկայի Ձայն»-ի ներկայիս տնօրեն Մայքլ Աբրամովիցը Freedom House-ի նախկին նախագահն է, ով 24 տարի աշխատել է Washington Post-ում որպես լրագրող և խմբագիր: