Նյու Դելիում քիչ հավանական են համարում, որ Հնդկաստանը կողմ կարտահայտվի BRICS-ի ներքո ընդհանուր արժույթի ստեղծմանը՝ մի նախաձեռնություն, որը արժանացել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային քննադատությանը։
Սպիտակ տան հաջորդ ղեկավարը, ինչպես հայտնի է, սպառնացել է 100% մաքսատուրք սահմանել BRICS-ի անդամ-երկրների արտադրանքների նկատմամբ, եթե այդ պետություններն անցնեն ընդհանուր արժույթի և հրաժարվեն ԱՄՆ դոլարից։
Դիտորդնրի խոսքով՝ փոխադարձ վստահության պակասը և BRICS-ի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների՝ Չինաստանի ու Հնդկաստանի միջև առկա հայտնի հակասությունները լուրջ խոչընդոտ են ընդհանուր արժույթի ստեղծման համար։
«Հնդկաստանը չի աջակցի նման նախաձեռնությանը։ Ցանկացած ընդհանուր արժույթ ոչ մեկին օգուտ չի բերի, և կարող է վտանգ առաջանալ, որ BRICS-ում գերիշխող երկրները, նախևառաջ՝ Չինաստանը, ի վերջո, կթելադրեն իր պայմանները։ Հետևաբար, շատ դժվար է համաձայնության գալ ընդհանուր արժույթի շուրջ»,- ասում է Kalinga Institute of Indo-Pacific Studies կենտրոնի վերլուծաբան Չինթամանի Մահապատրան։
BRICS-ն այս տարի ընդլայնվեց, և Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի ու Հարավաֆրիկյան Հանրապետության կողքին ավելացան Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եթովպիան ու Եգիպտոսը։ BRICS-ի ներքո ընդհանուր արժույթ ստեղծելու գաղափարն ակտիվորեն քննարկվում էր դեռ 2022 թ-ին, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Արևմուտքի ու Չինաստանի միջև սրված լարվածության ֆոնին։
Սակայն, դիտորդները ընդգծում են` զարգացող երկրների այդ միությունը չափազանց բազմազան է՝ իր տարաբնույթ շահերով, որպեսզի կարողանա հասնել ընդհանուր արժույթին։
«BRICS-ի երկրները չունեն ընդհանուր շուկա։ Չունեն ընդհանուր առևտրային քաղաքականություն։ Չունեն ընդհանուր ոչինչ»,- ասում է Մահապատրան։
Այդուհանդերձ, BRICS-ի որոշ անդամներ, օրինակ՝ Հնդկաստանը, նախորդ շրջանում ակտիվացրել են ջանքերը՝ անդամ-երկրների միջև փոխադարձ առևտուրն տեղական արժույթներով իրականացնելու ուղղությամբ՝ նվազեցնելու կախվածությունը ԱՄՆ դոլարից։
«Կառավարության կողմից 17 երկիր են ընտրվել, որոնց հետ Հնդկաստանը ցանկանում է առևտուր անել ռուփիով կամ կիրառելով երկու երկրների արժույթները»,- ասում է առևտրի գծով վերլուծաբան Բիսվաջիտ Դհարը:
Այդ երկրների թվում է նաև Ռուսաստանը։ Հայտնի է, որ Նյու Դելին, որը չի միացել Կրեմլի դեմ սահմանած ԱՄՆ պատժամիջոցներին, Մոսկվայից մեծ ծավալով ու զեղչված գնով նավթ է ներկրում ռուփիով։
Սակայն ռուփիով առևտուրը նույնպես խնդիրներ է առաջացնում։
«Հնդկաստանի առևտրային դեֆիցիտը Ռուսաստանի նկատմամբ մեծ է, ինչը նշանակում է, որ երբ Հնդկաստանը մեծ քանակությամբ նավթ է գնում և վճարում ռուփիով, Ռուսաստանը չգիտի, թե ինչ անել իր մոտ կուտակված ռուփիները»,- ասում է Դհարը։
Ինչևէ, Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյան Ջայշանկարը հայտարարել է, թե Նյու Դելիի տնտեսական քաղաքականության նպատակը չէ հեռանալ ԱՄՆ դոլարից, ինչը, ըստ դիտորդների, պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանի ռազմավարական շահերը հիմնականում համահունչ են ԱՄՆ շահերին։