Մատչելի հղումներ

Բայդենն ու Իսրայելի նախագահը ընդգծել են հակամարտությունների դադարեցման անհրաժեշտությունը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հյուրընկալել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս մի քանի հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ: Երկու երկրների ղեկավարների քննարկումների օրակարգում մերձավորարևելյան հակամարտությունն է։

Մերձավոր Արևելքում շատերն են համոզված՝ դեպի խաղաղության տանող ճանապարհը անցնում է Վաշինգտոնով։ ԱՄՆ-ն Իսրայելի գլխավոր դաշնակիցն է, և այսօր հրեական պետությունը ռազմական գործողություններ է վարում առնվազն երկու ճակատով՝ Գազայում և Լիբանանում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Սպիտակ տանը ողջունել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ վերահաստատելով իր աջակցությունը Թել Ավիվին։

«Իսրայելի հանդեպ իմ հանձնառությունը երկաթյա է։ Մեր միջև ամուր բարեկամություն է, և ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ՝ այստեղ գտնվելու համար…»,- ասել է Բայդենը:

Բայդենն ու Իսրայելի նախագահը ընդգծել են հակամարտությունների դադարեցման անհրաժեշտությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

«Առաջին հերթին պետք է պատանդներին վերադարձնենք տուն: Ամեն ինչ Թեհրանում է: Ամեն ինչ սկսվում է չարի կայսրությունից՝ Թեհրանից, որը իրեն ենթակա ուժերի միջոցով ամեն ինչ անում է կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը փլուզելու համար՝ կոչ անելով ոչնչացնել Իսրայել պետությունը, և ձգտում է ունենալ միջուկային զենք»,- արձագանքել է Հերցոգը։

Ավելի ուշ Իցհակ Հերցոգը նշել է, թե խոսակցությունը Բայդենի հետ «բաց էր և անկեղծ»: Նախօրեին Հերցոգը շնորհավորել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վաշինգտոնում հրեական կազմակերպությունների հավաքի ժամանակ նրան անվանել «խաղաղության չեմպիոն» և «Իսրայելի մեծ բարեկամ»։

Հիշեցնենք՝ Թրամփը նախորդ օրերին բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Խոսեցինք մեր պատանդներին տուն վերադարձնելու հրատապ անհրաժեշտության մասին: Նախագահ Թրամփը վերահաստատեց Իսրայելի նկատմամբ իր սերը: Շնորհակալություն հայտնեցի նրան՝ բարեկամության համար և հաջողություն մաղթեցի»,- ասել է Հերցոգը։

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի ընդգծել է, որ Իսրայելը որոշակի առաջընթաց է գրանցել՝ թույլատրելով ավելի շատ մարդասիրական օգնության առաքումը Գազա։ Հետևաբար, Վաշինգտոնը զերծ կմնա Իսրայելին ամերիկյան սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու իր սպառնալիքի կիրառումից։

«Որոշակի առաջընթաց ենք արձանագրվել: Կցանկանայինք տեսնել որոշակի փոփոխություններ ևս: Կարծում ենք՝ եթե չլիներ ԱՄՆ-ի միջամտությունը, այդ փոփոխությունները կարող էին երբեք տեղի չունենալ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։

Այդուհանդերձ, մարդասիրական կազմակերեպությունները պնդում են՝ իրավիչճակը Գազայում ծանր է։

Ամերիկյան հայտնի ուղեղային կենտրոններից մեկի՝ Rand Corporation-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Քոհենը, ով վերջերս է վերադարձել Իսրայելից՝ Գազայի հետ սահմանից, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշում է, թե ինքը օգնության փաթեթներ է տեսել անցակետերից մեկում, և թվում է, թե Իսրայելը ընդլայնել է պաղեստինցիներին ցուցաբերվող օգնության չափը, որն ավելի վաղ Քոհենը համեմատել էր ընդամենը ծորացող ջրի հետ։

Սակայն նրա խոսքով իրավիճակը կարող է փոխվել, երբ Թրամփը ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։

«Կարծում եմ՝ Թրամփը հստակ հասկացրեց, թե ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի մինչև իր կողմից պաշտոնի ստանձնումը: Ահա, թե որն է ուղերձը, որը նա ենթադրվում է փոխանցել է վարչապետ Նեթանյահուին: Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը, կարծում եմ, նախագահ Բայդենից ավելին, հակված է Իրանի նկատմամբ ագրեսիվ քայլի»,- ասում է Ռաֆայել Քոհենը:

Ինչևէ, առաջիկա ժամանակը մերձավորարևելյան զարգացումների համար կարող է վճռորոշ լինել, և դիտորդներն առայժմ գրանցում են տարածաշրջանային հակամարտության ընդլայնում, որը Գազայից տարածվեց Լիբանան։

XS
SM
MD
LG