Չորս տարվա ընթացքում առաջին անգամ հանրապետականները մեծամասնություն են ստացել ԱՄՆ Սենատում։
«Անշուշտ, ուրախ օր է Հանրապետական կուսակցության համար»,- ասել է ներկայիս Սենատում փոքրամասնության՝ հանրապետականների առաջնորդ Միչ ՄըքՔոնելը:
Հանրապետականները հաղթանակ տարան տատանվող ու կարևոր համարվող նահանգում՝ Փենսիլվանիայում:
Ընտրյալ սենատոր, հանրապետական Դեևիդ ՄըքՔորմիկն ասում է․ «Կարծես, շատ լավ ուղղությամբ ենք գնում»:
Տեխասում դեմոկրատ Քոլին Ալրեդին պարտության մատնեց հանրապետական սենատոր Թեդ Քրուզը:
«Պայքարելու եմ ձեր, ձեր աշխատանքի, ձեր անվտանգության և ձեր սահմանադրական իրավունքների համար»,- հայտարարել է Քրուզը:
Մոնտանայում ևս հանրապետական Թիմ Շիհին հաղթեց գործող, դեմոկրատ սենատոր Ջոն Թեստերին:
Դեմոկրատները, սակայն, հաղթեցին Կալիֆոռնիայում:
«Պատասխանատվություն եմ ստանձնում՝ պաշտպանելու մեր ազատությունները և պաշտպանելու մեր ժողովրդավարությունը»,- ասել է ԱՄՆ ընտրյալ սենատոր, դեմոկրատ Ադամ Շիֆը:
Ակնհայտորեն Դոնալդ Թրամփը գոհ է նաև սենատորական ընտրությունների արդյունքներից։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին»,- ընտրություններում հանրապետականների հաղթանակին նվիրված ելույթում ասել է Թրամփը:
Վերահսկողություն սահմանելով ԱՄՆ Սենատի նկատմամբ՝ Դոնալդ Թրամփը կկարողանա հաստատել իր նախընտրած թեկնածուներին երկրի բարձրագույն դատական ատյանում՝ ԱՄՆ Գերագույն դատարանում, և սահուն կյանքի կոչել իր օրենսդրական նախաձեռնությունները:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ներկայացուցիչ Քեյսի Բուրգաթն ասում է․ «Դոնալդ Թրամփը կարող է ոչ միայն հաստատել իր կառավարության նախարարներին՝ առանց դեմոկրատների աջակցության, այլև նշանակել կառավարության ներքո գործող գործադիր պաշտոնյաներին: Հազարավոր նշանակումներ կան, որոնք պետք է կատարվեն գործադիր իշխանության ներսում, դատարաններում»:
Այս նոյեմբերին 5-ին ամերիկացիները քվեարկեցին նաև ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան բոլոր՝ 435 տեղերի համար։ Ակնկալվում է, որ հանրապետականները կպահպանեն իրենց վերահսկողությունը նաև այնտեղ:
Նախորդ անգամ հանրապետականները մեծամասնություն ունեին Կոնգրեսի զույգ պալատներում Թրամփի նախորդ նախագահության առաջին երկու տարիներին՝ 2017-2018 թվականներին: