Անդրեա Խիմենեսը՝ Herb Club LA-ի հիմնադիրը, Լոս Անջելեսի Getty թանգարանում՝ բնիկ ժողովուրդների օրվան նվիրված միջոցառմանը, հատուկ շրջայց է անցկացնում՝ այցելուներին ներկայացնելով Կալիֆոռնիայի բույսերը, օրինակ՝ հազարատերևը, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով:
«Բնիկ ժողովուրդները այն օգտագործել են վերքերը, մարսողական խնդիրները բուժելու համար: Այն հայտնի է որպես համընդհանուր դեղամիջոց»,- ասում է Խիմենեսը:
Փառատոնի հիմնադիր Չելսի Անդերսոնի խոսքով՝ Getty թանգարանում բնիկ ժողովուրդների օրվան նվիրված ամենամյա երրորդ տոնակատարությանը մասնակցել է մոտ 2 հազար մարդ, ինչն այն դարձրել է Լոս Անջելեսի խոշոր միջոցառումներից մեկը։
«Ընտանեկան բնույթի այս փառատոնի առաքելությունն է ներկայացնել Լոս Անջելեսում ապրող բնիկ ժողովուրդների արվեստագետների ստեղծագործությունները։ Սիրում ենք կրթական բաղադրիչը, [սիրում ենք] կիսվել անցյալի ավանդույթներով։ Բայց նաև չենք մոռանում ժամանակակից ձայներն ու արվեստագետներին»,- նշում է Անդերսոը:
Արվեստագետներից մեկը՝ Շիգո Բիիլիլիցոն, ով Wild Horse Native American Association-ի պարող է, ասում է, թե բնիկ ժողովուրդների օրը ճանաչում է բերում իր ժողովրդին, ովքեր ապրել են այս հողերում մինչև եվրոպացիների գալը:
«Հիշում եմ, երբ փոքր էի, բազմաթիվ ուսուցիչներ նույնիսկ չգիտեին, որ մենք գոյություն ունենք։ Ոմանք մտածում էին, թե անհետացել ենք, բայց մենք չենք անհետացել։ Մենք այստեղ ենք։ Մենք կենդանի ենք, ծաղկում ենք, և այս ամենը փոխանցում մեր հաջորդ սերնդին՝ մեր երգերը, պարերը, ավանդույթները»,- նշում է Բիիլիլիցոն:
Կալիֆոռնիա նահանգը հրաժարվել է նշել Կոլումբոսի օրը 2019 թվականին՝ այն փոխարինելով բնիկ ժողովուրդների օրվա տոնակատարությամբ:
Սոլանժ Ագիլարը, ով բնիկ ամերիկացի է, բանաստեղծ, ասում է, թե մանկության տարիներին իրենց համար դժվար էր Քրիստափոր Կոլումբոսի օրը նշել:
«Նրա պատմությունն է, թե հայտնաբերել է Ամերիկան, բայց չես կարող հայտնաբերել ինչ-որ բան, երբ այնտեղ արդեն մարդիկ են ապրում։ Կարևոր է սովորել պատմությունը, հասկանալ, որ նա իրապես վատ մարդ էր, սարսափելի [անձնավորություն], և նրա պատմությունը մի բան է, տրավմա, որը մեզ հետ է»,- նշում է Ագիլարը։
Էրիկա Բարանուալը, ով անցած ամիս է տեղափոխվել Լոս Անջելես Օհայոյի Կոլումբուս քաղաքից, առաջին անգամ է ընտանիքի հետ նշում բնիկ ժողովուրդների օրը։ Հավատում է, որ բնիկ ժողովուրդների ճանաչումը ավելի լավ ապագա կապահովի խառը էթնիկ ծագում ունեցող իր երեխաների համար։
«Մեզ համար կարևոր է, որ մեր երեխաները մեծանան՝ չգրավելով մարդկանց ուշադրությունը՝ իրենց մազերի, մաշկի գույնի կամ ազգանվան պատճառով»,- նշում է Բարանուալը:
Ներկայում, Կոլումբոսի օրը ԱՄՆ-ում դաշնային մակարդակով նշվող տոն՝ ի տարբերություն բնիկ ժողովուրդների օրվա, որը տարբեր կարգավիճակ ունի նահանգներում։
Երեքշաբթի Նյու Յորքում անցկացվելու է Կոլումբոսի օրվան նվիրված խոշոր մի շքերթ, և այդ օրը իտալական ծագմամբ ամերիկացիները անդրադարձ են կատարում իրենց ստացած մշակութային-պատմական ժառանգությանն ու նվաճումներին։