Մատչելի հղումներ

Ի՞նչ է իրենից ներկայացնում Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», և ի՞նչ արդյունք ունեցավ նրա այցն ԱՄՆ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինացի և ռուս փորձագետները գնահատել են Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը նախատեսվածից ավելի երկար է տևել, որի ժամանակ նա հանդիպել է ամերիկյան քաղաքական էսթաբլիշմենթի՝ վերնախավի առանցքային, ըստ էության, բոլոր ներկայացուցիչներին։

Զելենսկու ամերիկյան այցը միջազգային մամուլը տարբեր կերպ է գնահատել։ Տեսնում ենք նաև քննադատություն, թե Ուկրաինայի նախագահը չկարողացավ համոզել Սպիտակ տանը, որպեսզի ուկրաինական զինուժին թույլտվություն տրվի կիրառել ամերիկյան հեռահյար զենքը՝ Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտները թիրախավորելու համար։ Հանդիպել ենք նաև տեղեկությունների, թե Բայդենի վարչակազմը տպավորված չէ Զելենսկու ներկայացրած «Ուկրաինայի հաղթանակի ծրագրից»։

Միաժամանակ, դիտորդները ընդգծում են՝ Վաշինգտոնը հայտարարել է, որ շարունակելու է օգնել Կիևին դրամով ու զենքով՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։

Ի՞նչ արդյունք ունեցավ Զելենսկու այցը ԱՄՆ
please wait

No media source currently available

0:00 0:06:51 0:00


«Հստակությունը երևան կգա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո»

Ուկրաինացի քաղաքագետ Օլեսյա Յախնոյի կարծիքով՝ Վոլոդիմիր Զելենսկու այցն ԱՄՆ հարկ է նախևառաջ դիտարկել Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։ «Այժմ չենք կարող գնահատել, թե որքան հաջող էր այս այցը։ Գործնական տեսանկյունից ինձ թվում է, որ Ուկրաինան լավ արդյունք է ունեցել․ խոսքն առաջին հերթին օգնության նոր փաթեթի մասին է՝ գրեթե 8 միլիարդ դոլար։ «Մեծ յոթնյակ + Ուկրաինա» ձևաչափի շրջանակում 30 պետություն հավանություն է տվել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հռչակագրին, իսկ Կիևի համար, որն ամեն օր ապրում է պատերազմական ռեժիմով, այն չափազանց կարևոր է»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Յախնոն։

Քաղաքագետը ընդգծում է՝ անհրաժեշտ են ջանքեր, որպեսզի խաղաղության ռուսական պայմանները չընդունվեն, որոնք նախատեսում են պատերազմի սառեցում և ստատուս քվոյի պահպանում։

«Խաղաղության հաստատումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա։ Բայց [խաղաղության համար] անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան նախադրյալներ ի հայտ գան Ռուսաստանում։ Կարծում եմ, հստակությունը երևան կգա ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո։ Տեսնում ենք, թե որքան ցավալի էր Հանրապետական կուսակցության արձագանքը, երբ Զելենսկին այցելեց Փենսիլվանիայի ռազմական գործարան, որը շատ կարևոր նահանգ է նախագահական ընտրությունների համար։ Չնայած, կարծես, համաձայնություն չկա Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու հարցում, սակայն [Կիևի համար նախատեսված] ավելի շատ օգնություն շուրջ փոխհամաձայնություն կա։ Հայտարարվեց, որ հոկտեմբերի 12-ին Բայդենը մասնակցելու է Ռամշտեյնի ձևաչափով հանդիպմանը, որտեղ, կարծում եմ, [կողմերի միջև] զրույցը կշարունակվի»,- ասել է ուկրաինացի քաղաքագետը։


«Ուկրաինային հատկացվող օգնության նոր փաթեթը ավելի մեծ է, քան սպասում էինք»

Ուկրաինացի ռազմական փորձագետ Միխայլո Պրիտուլան Զելենսկու այցն ԱՄՆ հաջող է գնահատում․ «ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային շարունակվում է։ Լրացուցիչ սպառազինություն է հատկացվել։ Զինատեսակների քանակը աճում է, որակը բարելավվում է։ Սա նշանակում է, որ նոր հնարավորություններ են ի հայտ գալիս։ Նշանակալի իրադարձություն է նաև Ուկրաինայի նախագահի հանդիպումը ամերիկացի կոնգրեսականների հետ։ Ուկրաինային հատկացվող օգնության նոր փաթեթը ավելի մեծ է, քան սպասում էինք»։

Փորձագետի հիշեցնում է՝ ԱՄՆ-ում քաղաքական գործիչները ուշադիր են իրենց ընտրողների տրամադրություններին։ «Երբ Թրամփը մեր նախագահին անվանեց «աշխարհի ամենամեծ առևտրականը» և ասաց, որ Ուկրաինան չունի միջազգային հարաբերությունների սուբյեկտայնություն, Հանրապետական կուսակցության ընտրողները չէին կարող բացասաբար չարձագանքել: Հասարակական կարծիքի մոնիթորինգի համակարգը շատ արագ աշխատեց, և, ըստ երևույթին, Թրամփի քաղաքական վերլուծաբանները խորհուրդ տվեցին նրան հնարավորինս շտկել իրավիճակը»։

Արդյունքում՝ Թրամփն հյուրընկալեց Զելենսկուն։


«Ամերիկյան կողմը հասկանում է, որ այս պահին «ուկրաինական հաղթանակի ծրագիրը» անհնար է իրականացնել»

Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Ալեքսանդրա Ֆիլիպենկոն նշում է. «Ընտրությունների գործոնը դեր է խաղացել [Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու Թրամփի որոշման մեջ]: Դոնալդ Թրամփին, իհարկե, զայրացրել էր, որ Զելենսկին հանդիպել է դեմոկրատ սենատորներին և Փենսիլվանիայի նահանգապետին՝ այդ նահանգում գտնվող ռազմական գործարան կատարած իր այցի ժամանակ։ Եվ միևնույն ժամանակ, ինչպես պնդում են հանրապետականները, իրենց կուսակցության ներկայացուցիչները այս ճամփորդությանը չեն հրավիրել։ Թրամփն այնուհետև ասաց, որ ինքը չի հանդիպի Զելենսկուն, քանի որ հանդիպման պատճառ չկա»։

Այնուհետև Սպիտակ տանը՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, Քամալա Հարիսը դիմեց լեհական ու լիտվական ծագում ունեցող ամերիկացիներին՝ նշելով, որ Պուտինն արդեն կարող է թիրախավորել Լեհաստանը, բալթյան երկրները և ՆԱՏՕ-ի այլ անդամների․ «[Թրամփի հետ] բանավեճի ժամանակ նույնպես Քամալա Հարիսը խոսեց Լեհաստանի մասին, որը կարող է հայտնվել ռուսական հարձակման թիրախում։ Հիշեցնենք, որ տատանվող երեք նահանգներում ապրում են զգալի թվով լեհական ծագմամբ ամերիկացիներ: 2020 թվականի ընտրություններին Փենսիլվանիայում Բայդենը ստացել է 80 հազարով ավելի շատ ձայն, իսկ այնտեղ լեհական ծագմամբ 700 հազար ընտրող կա։ 120 հազար ընտրող կա ուկրաինական ծագմամբ, 80 հազարը՝ լիտվական։ Միչիգանում լեհական ծագում ունեցող մեկ միլիոն ընտրող կա, ևս 50 հազար՝ լիտվական ու ուկրաինական ծագմամբ։ Բայդենն այնտեղ ստացել էր 150 հազարով ավելի շատ ձայն։ Վիսկոնսինում լեհական ծագումով 500 հազար ընտրող կա, և այնտեղ Բայդենը հաղթել է 20 հազար ձայնի առավելությամբ»։

Ալեքսանդրա Ֆիլիպենկոն շարունակում է, թե Հարիսի վարկանիշը Փենսիլվանիայում այժմ ընդամենը 0,3%-ային կետով է բարձր Թրամփի վարկանիշից․ «Ինձ մոտ տպավորություն է, որ հենց դրա համար է նա խոսել լեհական ու լիտվական ծագում ունեցող ընտրողների հետ՝ նշելով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների դեմ Պուտինի սպառնալիքի մասին: «Քվեարկե՛ք իմ օգտին, և ես կաջակցեմ Ուկրաինային ու դրանով իսկ կպաշտպանեմ ձեզ»։ Ինձ նաև թվում է, որ Դոնալդ Թրամփին բացատրել են, որ այդ ձայներն անհրաժեշտ են ու կարևոր»։

Անդրադառնալով հանրապետականների խոսույթին, թե Թրամփը կավարտի պատերազմն Ուկրաինայում՝ Ֆիլիպենկոն նշում է, որ որևէ հստակություն չկա, թե ինչպես․ «Չնայած այն հանգամանքին, որ [ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու] Ջեյ Դի Վենսը, ամերիկացի քաղաքական գործիչները բազմիցս ասել են, որ կլինի «կորեական սցենար», Թրամփը չի հաստատել, բայց և չի հերքել այդ տարբերակը։ Հիմա հարց է առաջանում՝ օրինակ, ինչպե՞ս են Կուրսկի մարզում գծելու ապառազմականացված գոտու սահմանը»:

Ալեքսանդրա Ֆիլիպենկոն գտնում է, որ Ուկրաինայի համար կարևոր էր ի ցույց դնել, որ ունակ է հարձակողական գործողություններ ձեռնարկել․ «Այդ պատճառով այս այցն անհրաժեշտ էր։ Սա «Ուկրաինայի հաղթանակի ծրագրի» մասն է։ Ամերիկյան կողմը հասկանում է, որ այս պահին այս ծրագիրն անիրագործելի է, սակայն կարևոր է, որ Զելենսկու ծրագրում ներառված է «հաղթանակ» բառը և կարողացել է համախմբել մարդկանց, որ Ուկրաինան ոչ միայն կարող է պաշտպանվել, այլև ունակ է գրավել թշնամու տարածքը։ Ավելին, այժմ Զելենսկին կարողացել է այդ միտքը հասցնել Դոնալդ Թրամփին»։

XS
SM
MD
LG